Գյումրիում մեկնարկելու է բնակարանաշինական նոր ծրագիր
Գյումրու քաղաքապետարանում օգոստոսի 19-ին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ու ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը ստորագրել են համաձայնագիր, որի հիմքում տնակներում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծումն է: Համաձայնագրով Գյումրու քաղաքապետարանը Անի թաղամասում անհատույց տարածք է հատկացնում հիմնադրամին՝ բնակելիներ կառուցելու նպատակով: Քաղաքապետարանը նաև տրամադրում է բնակելիների արտաքին ինժեներական ցանցերի կառուցման նախագիծ: «Հիմնադրամը գումար է հատկացնում բնակելիների կառուցման ու շինարարության համար: Ներդրումների 50 տոկոսը ընտանիքների համար նվիրատվություն է լինելու, իսկ գումարի մյուս 50 տոկոսը բնակիչները վերադարձնելու են հիմնադրամին 10 տարվա ընթացքում: Այս վերադարձվող գումարը ևս շինարարության հաջորդ փուլերի շարունակության նպատակով է ծառայելու»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ հիմնադրամի ներդրումներն իրականացնում են ամերիկաբնակ հայերը: Տարածքը հիմնադրամին վերջնական հանձնելու որոշում կայացնելու է Գյումրու ավագանին՝ առաջիկա նիստի ժամանակ: Շենքերը լինելու են 4 հարկ, յուրաքանչյուր հարկում 3-4 բնակարան: Խոսքը գնալու է 15-18 բնակարանի մասին՝ առաջին փուլով: Բնակարանները կլինեն ամբողջովին հարդարված, խոհանոցային կահույքով: Նախագծային աշխատանքները կմեկնարկեն ավագանու որոշումից հետո: Նախատեսվում է, որ առաջին փուլը կավարտվի 2 տարի հետո: Շահառուների ընտրությունը կկատարի հատուկ ձևավորվող հանձնաժողովը։
Աղբյուր՝ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/posts/2701484563489986
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com