ԵՄ-ն կրկնապատկել է ՀՀ-ին մարդասիրական օգնությունն ու քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը. Բորել
ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով 10,45 միլիոն եվրոյի, ինչպես նաև Հայաստանի խնդրանքով ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Այս մասին ասվում է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում։ «15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու և սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման համար: Հետագա գործողություններ են նախապատրաստվում կարճաժամկետ օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանն ու դիմադրությանը, ինչպես նաև նրա ժողովրդավարական ինստիտուտների կայունությանն աջակցելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը՝ նկատի ունենալով խաղաղության պայմանագրի կնքումը։ Միաժամանակ, Բորելը հերթական անգամ դատապարտել է սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ «ԵՄ-ն դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Ղարաբաղի ավելի քան 100,500 հայերի զանգվածային արտագաղթի։ ԵՄ-ի առաջնահերթությունն է՝ երաշխավորել շարունակական մարդասիրական մուտքն ու օգնությունը Լեռնային Ղարաբաղում մնացած և Հայաստանում տեղահանված մարդկանց։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև թույլ տալ տեղում իրավիճակի մշտական անկախ մոնիթորինգ՝ ի հավելումն ՄԱԿ-ի առաքելությունների այցերի»,- ասվում է Բորելի հայտարարությունում։
https://www.europarl.europa.eu/doceo/document/E-9-2023-002520-ASW_EN.pdf
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com