Երևանում կազմակերպված ահաբեկչության երկու դեպք է բացահայտվել, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ

Երևանում 2024-ի փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպք է բացահայտվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ Կոմիտեի՝ տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, երկուսի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:

Քննչականը որոշ մանրասներ է հաղորդում, մասնավորապես, նշելով, որ Հայաստանի քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել և 2024-ի փետրվարի 10-ին Երևանի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ են կազմակերպել: Այսպես, Գ.Ս.-ն կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն։ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղևորվել են Երևանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին, Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ և գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ։ Կոմիտեն նշում է, որ նախաքննությունը շարունակվում է։

 

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments