ԶԼՄ-ներին առնչվող վիճահարույց նախագծում «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինվի «չնույնականացված աղբյուր»-ով
ՀՀ ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ, քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից՝ նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»: Ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները եւ սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել: Պատգամավորները պնդել են, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» եզրույթով: Նրանք ընդգծել են, որ նախագծում չի լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը: ՄԻՊ-ը նաեւ նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն եւ կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության: ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն. նախատեսվում են նաեւ հանրային լսումներ:
Աղբյուր՝
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com