Թափառող շների ստերջացման ծրագիրը չի տվել բավարար արդյունք

Գյումրիում թափառող շները շարունակում են վտանգ հանդիսանալ քաղաքացիների համար։ 74-ամյա Ցողիկ Գրիգորյանը արդեն երրորդ անգամ է ենթարկվել շների հարձակմանը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին տան հարևանությամբ գտնվող այգում։

Ըստ «Գյումրի» բժշկական կենտրոնի ընդունարանի պատասխանատու և անհետաձգելի բուժծառայության ղեկավարի՝ կատաղության վարակի դեպքերը մարդկանց մոտ չեն մնա անհետևանք և կարող են հանգեցնել շատ լուրջ առողջական խնդիրների։

2020 թվականին գործարկվել էր թափառող շների ստերջացման առաջին ծրագիրը, որով զբաղվել է «My vet» անասնաբուժական կլինիկան։ Ըստ մասնագետների՝ ստերջացման արդյունքում շները պակաս ագրեսիվ են դառնում, որը նպաստելու էր նաև հարձակման դեպքերի նվազմանը, սակայն «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխանցած տվյալների համաձայն՝ եթե 2020-ին շան կծած դեպքերի վերաբերյալ հաշվառվել է 114 բուժառու, ապա 2023-ին այդ թիվը կրկնապատկվել է`դառնալով 253։

2023 թվականի մայիս ամսին Գյումրու համայնքապետարանի և «vethelp» անասնաբուժական կլինիկայի միջև կնքվել է 400 շան ստերջացման պայմանագիր, որի վերջնական արդյունքները ամփոփվել են սեպտեմբերին։ Ըստ անասնաբույժի՝ ստերջացումը հանգեցնում է նաև վարքային փոփոխության։

Այժմ Գյումրու համայնքապետարանում խնդրի լուծման նպատակով քննարկվում է ապաստարանների կառուցման ծրագիր, սակայն այդ ուղղությամբ դեռևս որևէ աշխատանք չի տարվում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ նախընտրական ծրագրում ներառված «Թափառող շների խնդրի լուծման նպատակով ապաստարանների կառուցում»-ը չի կարող տալ լիարժեք արդյունք։

Այժմ կա գաղափար հիմնելու մարզային ստերջացման ապաստարան-կենտրոն, որը նախագիծ դառնալուց հետո կներկայացվի կառավարությանը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments