Խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Եվրախորհրդարանի նոր զեկույցը
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստել է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, ընդգծում է, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ և գովաբանում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը, որոնց արդյունքում ՀՀ-ն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար: Ինչպես տեղեկացնում Եվրախորհրդարանի կայքը՝ նոր զեկույցում ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը: Ընդգծելով, որ այս վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի ԼՂ-ի շուրջ երկարաժամկետ հակամարտության հետ՝ զեկույցը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։ Զեկույցը նաև հորդորում է երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի շուրջ, իսկ ԵՄ-ին հորդորում է շարունակաբար ներգրավվել, միջնորդել ու արդյունավետ կերպով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատում են նաև, որ արդյունավետ լինելու համար խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ: Զեկույցը ողջունում է 2021 թվականի մարտին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելն ու այն իրականացնելու Հայաստանի հանձնառությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև գովաբանում են Հայաստանին՝ վերջին տարիներին իրականացրած նշանակալի բարեփոխումների, ժողովրդավարացման գործընթացի համար, որոնց արդյունքում երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար: ԵԽ պատգամավորները կոչ են անում նաև Եվրամիությանն ու Հայաստանին սերտորեն աշխատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ընթացիկ և ապագա բարեփոխումների իրականացման վրա՝ շեշտելով, որ այն ընդգրկում է համատեղ աշխատանքի լայն շրջանակ: Զեկույցում նշվում է նաև հանցավորության և կոռուպցիայի դեմ Հայաստանի պայքարի մասին, այն խրախուսում է կառավարությանը շարունակել բարեփոխումները՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և դատական անկախության համար՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը: Եվրախորհրդարանի պատգամավորները զեկույցով, ողջունելով լրատվամիջոցների ազատության առումով բարելավումները, շեշտում են, որ երկրի մեդիա միջավայրը դեռևս բևեռացված է, ԵԽ պատգամավորները մտահոգված են լրագրողների նկատմամբ ատելության խոսքի և ֆիզիկական բռնության դեպքերով։ ԵԽ պատգամավորները կոչ են անում ջանքեր գործադրել՝ երկրի մեդիա ոլորտի բազմազանության և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին՝ ԵԽ պատգամավորները նշել են, որ ոչ մի միջոց չպետք է հանգեցնի լրագրողների կամ խոսքի ազատության սահմանափակումների։ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի ու ԵՄ-ի համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կարևոր քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում երաշխավորել գրեթե 2 ամիս արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»,- քվեարկությունից հետո ասել է զեկուցող Անդրեյ Կովաչևը։ Նշվում է, որ զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: Հանձնաժողովի քվեարկությունից հետո տեքստն ամբողջությամբ կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com