Հայ-թուրքական երկխոսության գործընթացում առաջընթաց կա. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և այս պահին քննարկում է հումանիտար օգնության տեսքով առաջին անհրաժեշտության ապրանքների փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ, ինչպես նաև փրկարար ծառայության ջոկատների գործուղումը համապատասխան վայրեր՝ գետնի վրա օգնություն ցույց տալու համար։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով գերմանական Deutsche Welle լրատվականի հարցին՝ ինչ է առաջարկել ՀՀ-ն Թուրքիային երկրաշարժից հետո տրամադրվող աջակցության շրջանակում: «Մենք ինքներս 1988թ.-ին մեր տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում, տեսել ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը և մենք այն ժամանակ միայնակ չենք մնացել. մենք ստացել ենք միջազգային հանրության օգնությունը: Ես կարծում եմ, որ պետք է նաև պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք այդ պահին բնական աղետների հետևանքով այդ օգնության կարիքն ունեն։ Քանի որ Դուք Թուրքիայի մասին հարցրեցիք, ուզում եմ անդրադառնալ նաև այն երկխոսությանը, որը ընթանում է այժմ մեր երկրների միջև։ Կա երկխոսություն, ինչպես տեղյակ եք, սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում և այն տրամաբանական և հնարավորինս արագ դրական վերջաբանի հասցնելու։ Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ առաջընթաց կա: Մեր ընկալմամբ մի փոքր դանդաղ է գործընթացը, բայց այնուամենայնիվ դրական է շատ, որ մենք ունենք գետնի վրա դրական արձանագրումներ։ Տեղյակ եք հավանաբար, որ վերջերս Թուրքիան և Հայաստանը որոշեցին վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը։ Սա հերթական և դրական քայլ է, և մենք հույս ունենք, որ այս գործընթացն ավելի արագ և ավելի շոշափելի ձեռքբերումներով կշարունակվի: Համենայն դեպս ՀՀ կողմից ուզում եմ նաև այս հարցի առնչությամբ վերահաստատել մեր դիրքորոշումը խաղաղ, համագործակցային և կայուն մեծ տարածաշրջան ունենալու հարցում»։

Աղբյուր` https://www.mfa.am/…/armenia_germany_pressconference/11852

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments