Հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի․ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել

Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին․ տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որոշվել է. -Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի: -Ըստ անհրաժեշտության սահմանափակել Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ: -Իրականացնել բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն: -Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը: -Սույն հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ: -Օպերատիվ շտաբի ղեկավարման համար Օպերատիվ շտաբի պետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին: -Սահմանել, որ Շտաբի պետի` սույն հրամանագրից բխող ցուցումները պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: -Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարել սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում սահմանել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ:

Աղբյուր` http://president.nkr.am/am/n

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments