ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը: Ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Էկվադորի, Ալբանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներն, ինչպես նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչը: Գրեթե բոլոր բանախոսները դատապարտել են Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը և կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը: Նրանք ի գիտություն են ընդունել հրադադարի մասին հաղորդագրությունը և ընդհանուր առմամբ ողջունել Եվլախում Ադրբեջանի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների առաջին հանդիպման փաստը: Բոլոր բանախոսներն ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները՝ ներառյալ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելն է: Նա ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ կանանց և տղամարդկանց, տարեցների, կանանց և երեխաների ծանրագույն կացությունը: Նրա փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային համայնքը ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը սպառնացող ողբերգությունը կանխելու համար, թեպետ Հայաստանը բազմիցս ահազանգել է այդ մասին: Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումներ չի ունեցել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերքել է հայ պաշտոնակցի և մյուս բանախոսների կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները և պնդել, թե Հայաստանն է խոչընդոտում խաղաղության գործընթացը: Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարությունում նշվում է «Ադրբեջանից հայկական ստորաբաժանումները դուրս բերելու» դրույթը, ինչը և, ըստ Բայրամովի, ապացուցում է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում 44-օրյա պատերազմից հետո մնացել են հայ զինծառայողներ»: Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարն անվերապահորեն սատարել է Բայրամովին, խոսել «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհրաժեշտության մասին, ասաց, թե Ադրբեջանը պարտադրված էր «հակահաբեկչական օպերացիա» անցկացնել, և ավելացրել, թե հիմա վերստին ստեղծվել է խաղաղություն հաստատելու հնարավորություն, որը Հայաստանը չպետք է բաց թողնի: ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր համերաշխությունն է հայտնել արցախահայերին, կոչ արել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, հարգել արցախահայության իրավունքները: Նա նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ավարտին որևէ հայտարարություն կամ բանաձև չի ընդունվել:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com