Մարզերում մենք հենց քոլեջների համակարգը պետք է զարգացնենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հաստատեց մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը հաստատելու մասին հարցը։

«Կառավարության ծրագրով և կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով կարևորագույն թիրախ է, որ կրթության տարբեր մակարդակներում գործի մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգը, և մենք արդեն իսկ այդ համակարգն ունենք դպրոցներում և մանկապարտեզներում։ Այս նախագծով դա նաև իրականություն է դառնում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ մասնավորապես այս տարվա փետրվարին նախարարի համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը, դրա հիման վրա այս տարի արդեն 4 ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել է քոլեջներում աշխատող շուրջ 361 աշխատող, և այս տարվա նոյեմբերի 30-ին, այսինքն՝ մի քանի օր առաջ, վերջիններիս համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները, կարգի համաձայն, կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին՝ վաղը, բայց նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման գործընթացը։

«Կառավարության որոշման այս նախագծով մենք սահմանում ենք ատեստավորման արդյունքում ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համանման են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման համակարգի պարագայում գործող խրախուսման համակարգին՝ մասնավորապես 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվորւմ է 200 հազար դրամ մեկ դրույք զբաղվածության պարագայում, և 70 տոկոս ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում, արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաև հավելավճարներ. 70-79 տոկոսի պարագայում՝ 30 տոկոս հավելավճար, 80-89 և ավելի տոկոսի պարագայում ՝ 40 տոկոս հավելավճար, և 90-100 տոկոս արդյունքի դեպքում՝ արդեն 50 տոկոս հավելավճար, որը գումարվում է 200 հազար դրամ դրույքաչափին։ Ընդ որում՝ պետք է նշեմ, որ եթե դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի սահմանման լրացուցիչ կարգավորում կա, այստեղ նման բան չի գործում, և այս համակարգում աշխատավարձերը շատ ավելի ցածր էին. հաճախ դասավանդողները նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն էին ստանում։ Այստեղ մենք ավելի քան կրկնապատկելու ենք այս ձևով համակարգում մանկավարժական աշխատողների վարձատրությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ ատեստավորման արդյունքում արդեն իսկ դեկտեմբերին նախատեսվել է, որ հաջող արդյունք ցուցաբերածները կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված վարձատրությունը։

«Նաև այս նույն կարգով հաստատում ենք տարակարգի դեպքում խրախուսման համակարգը։ Տարակարգի կարգը նույնպես հաստատվել է նախարարի հրամանով. տարակարգը կգործի հաջորդ տարվանից, և սա էլ հավելյալ հնարավորություն է տալու 20, 30 և 50 տոկոս հավելավճարներ ստանալու, ու նույն տրամաբանությամբ ատեստավորման միջոցով ստուգվում է մասնագիտական գիտելիքը, տարակարգի միջոցով արդեն՝ մանկավարժական հմտությունները։ Եվ որպես արդյունք՝ կարծում ենք, որ ՄԿՈՒ համակարգում մենք կունենանք որակյալ կադրեր՝ ոլորտը համալրելով նոր կադրերով, և կբարձրացնենք աշխատանքի գրավչությունը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

«Մենք կարծում ենք, որ մարզերում շատ պետք է ուժեղացնել հենց քոլեջների ենթակառուցվածքը, նաև հաշվի առնելով տվյալ մարզի աշխատանքային շուկայի առանձնահատկությունները։ Հիմա մարզերից արտագաղթի, ներքին միգրացիայի պատճառ կրթությունն է դառնում, որովհետև նախ կրթական համակարգը մարզային տրամաբանությամբ այդքան էլ նախագծված չի։ Մեր մտածածն այն է, որ մարզերում, խոշորացված համայնքներում մենք հենց քոլեջների համակարգը պետք է զարգացնենք, որն ի սկզբանե պետք է նախատեսված լինի այնպես, որ մարզային բնակիչը, որն ուզում է մասնագիտական կրթություն ստանա, հենց տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ստանա»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments