Մարտական դիրքում զինվոր է զոհվել, նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից. ՊՆ
Մարտական դիրքում զինվոր է զոհվել, նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից. ՊՆ Երեկ երեկոյան հայ – ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սարգսյանը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով` 20-ամյա զինծառայողը զոհվել է հակառակորդի արձակած կրակոցից: Փաստի առթի կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: «Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», – ասված է հաղորդագրությունում: Քննչական կոմիտեն հաղորդում է, որ զինծառայողի սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով` «սպանություն՝ ռասայական, ազգային, էթնիկ, կրոնով […] կամ այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով»: «Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, ինչի արդյունքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վնասվածք», – մանրամասնում է Քննչական կոմիտեն: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի հաղորդագրությունը՝ պնդելով, թե իրենց ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանին:
Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/10990
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com