Մեկնարկել է երեք երկրների ղեկավարների հանդիպումը. Պուտինը խոսել է ԼՂ-ում առկա իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մեկնարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը:Հանդիպումն անցկացվում է Կրեմլում, Պուտինի նախաձեռնությամբ։ Փաշինյանն ու Ալիևն այսօր առավոտյան են ժամանել Մոսկվա։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման ընթացքի շուրջ քիչ առաջ ելույթով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Խոսելով Արցախում ստեղծված կայուն վիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի խնդրանքով այնտեղ տեղակայված խաղաղապահների, Ղարաբաղ վերադարձած քաղաքացիների թվի եւ այլնի մասին՝ Պուտինը հայտարարել է. «Եռակողմ համաձայնագիրը հետեւողականորեն իրականացվում է: Մեր համոզմամբ, դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում երկարամյա հակամարտության տեւական եւ լիարժեք կարգավորման համար՝ ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների»։ՌԴ նախագահը խոսել է նաեւ Արցախում ենթակառուցվածքների վերականգնման, տարածքների ակազաներծման մասին: «Այս պահին իրավիճակը խաղաղ է տարածաշրջանում։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արցախցիները վերադառնում են իրենց մշտական բնակության վայր։ Մինչ այսօր 48000 արցախցի է վերադարձել»,–ընդգծեց նա:Նրա խոսքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ կատարվել է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում: Բացի այդ, հաջողությամբ գործում է հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնը, որի շրջանակներում լուծվում են բնակավայրերի բնականոն կյանքի հաստատման, ավերված ենթակառուցվածքի վերակառուցման, պատմության, կրոնի եւ մշակույթի հուշարձանների պաշտպանության հետ կապված հրատապ հարցեր:«Կենտրոնի աշխատակիցները զբաղվում են էներգա եւ ջերմամատակարարման վերականգնմամբ։ Ռուսաստանից հակամարտության գոտի է հասցվել ավելի քան 800 տոննա շինանյութ եւ ավելի քան 1,5 մլն տոննա հումանիտար բեռ։ Բնակչությանը տրամադրվում է բժշկական օգնություն։ Ականներից մաքրվել է ավելի քան 479 հա տարածք, ստուգվել է 182 կմ ճանապարհ, 710 շենք եւ շինություն, հայտնաբերվել եւ ոչնչացվել է ավելի քան 22 հազար պայթյունավտանգ առարկա», -ասել է Վլադիմիր Պուտինը: Այնուհետեւ նա առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային ուղղությունների վերաբերյալ նոր քայլերը:«Այսօր կարեւոր կլիներ նախ եւ առաջ նախանշել կարգավորման առանցքային ուղղություններով հետագա քայլերը, որոնք նախանշված էին նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր, սահմանագծային գծերի հստակեցում, հումանիտար խնդիրների լուծում, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանություն», – ասել է Պուտինը։ՌԴ նախագահը նշեց, որ հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդիրը: «Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,-ավելացրել է նա:Ավարտելով խոսքը՝ նա հույս է հայտնել, որ բանակցությունները կանցնեն գործնական մթնոլորտում եւ կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը:

Աղբյուր՝  http://www.kremlin.ru/events/president/news/64877

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments