Շիրակի մարզում բնակություն է հաստատել արցախցի 1050 ընտանիք
Շիրակի մարզում նոյեմբերի 15-ի դրությամբ ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։ Այսօր տեղի ունեցած մարզխորհրդի հերթական նիստում այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:
«Այս պահին Շիրակի մարզի հյուրանոցներում և պետական համայնքային տարածքներում հիմնականում այն ընտանիքներն են, որոնք դժվարանում են վարձով բնակարան գտնել և տեղափոխվել, քանի որ ընտանիքի կազմը բաղկացած է 1 կամ 2 անձից և տրամադրված գումարը չի բավարարի տան վարձակալության համար»,-ասել է Աննա Մարտիկյանը։ Նա նաև նշել է, թե կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում տեղակայվել են բռնի տեղահանված 67 քաղաքացի։ Փոխմարզպետի տեղեկացմամբ, Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 687 աշակերտ, բուհերում՝ 45 ուսանող, որոնցից 38-ը Շիրակի պետական համալսարանում։
Աննա Մարտիկյանն անդրադարձել է նաև արցախցիների աշխատանքի տեղավորմանը։ Նրա տեղեկացմամբ՝ մարզի բուժհաստատություններում աշխատանքի է ընդունվել 5 բուժաշխատող, ևս 2-ը անցնում են փորձաշրջան։ 5 արցախցիներ աշխատանքի են ընդունվել դպրոցներում, 32-ը ցանկություն է հայտնել կրթական հաստատություններում աշխատելու։ «Մարզում այս պահի դրությամբ ժամանակավոր և մշտական աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 62 քաղաքացի, ինչպես նաև առաջարկվել են 71 թափուր աշխատատեղեր», -ասել է Մարտիկյանը։ Կառավարության 4 որոշումներով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 170 մլն․ դրամ, որից 80 մլն․-ը հյուրանոցային ծառայությունների, 70 մլն․-ը սննդին և 20 մլն․-ը հրատապ օգնություն տրամադրելու նպատակով։ Փոխմարզպետի խոսքով՝ այսօրվա դրությամբ ծախսվել է շուրջ 155 մլն 327 հազար դրամ, որից շուրջ 75 մլն․ 742 հազար դրամը հյուրանոցային ծառայությունների, շուրջ 68 մլն․ 285 հազար դրամը սննդի և շուրջ 11 մլն․ 300 հազար դրամը այլ նպաստների (հրատապ օգնություն տրամադրելու) համար։
Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 220 ընտանիքի 667 մարդու կարիքների գնահատում: Առանձնացվել են առաջնային կարիքները և դրանց բավարարման համար բռնի տեղահանվածներն ուղղորդվել են պետության կողմից պատվիրակված ծառայություն մատուցող կազմակերպություններ։
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման ընթացքի մասին է զեկուցել ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ Արմեն Համբարձումյանը՝ նշելով, որ սեփական եկամուտները կատարվել են 89.7 տոկոսով։
Շիրակի մարզի համայնքներում 2023 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների և լրացումների մասին է զեկուցել Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ Ըստ այդմ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 32 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր՝ 108 ենթածրագրերով։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com