Չհայտարարված այց՝ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները խնդիրներ են հայտնաբերել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն): Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ:
Մասնավորապես, արձանագրվել է՝
Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ոչ բավարար տարածքի պատճառով արձանագրվել է տղաների ու աղջիկների համատեղ խնամքի իրականացման դեպք։ Հաստատությունն ապահովված չէ երեխաների առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով:
Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ լոգարանների մեծ մասը առանձնացված չէր ննջասենյակներից, երեխաների լոգանքն իրականացվում էր ննջասենյակում մյուս երեխաների ներկայությամբ:
Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. Երեխաների խոզանակները կեղտոտ էին, առկա է երեխաների անձնական հիգիենայի պարագաների, բաժակների, ափսեների անհատականացման խնդիր (արձանագրվել են դայակների կողմից երեխաների սրբիչները շփոթելու դեպքեր)։ Հաստատության յուրաքանչյուր խմբասենյակում առկա էր դեղերի պահման արկղիկ, որը կեղտոտ էր, պարունակում էր բացված և չօգտագործված դեղեր, որնք առանց մակնշման լցված էին տարբեր տուփերի մեջ, ներարկիչները դրված էին կենցաղային օգտագործման իրերի հետ միասին։
Հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա։
Մսամթերքի վրա բացակայում էր համապատասխան մակնշումը, որը հնարավորություն չէր տալիս ստուգելու պիտանիության ժամկետը։
Համապատասխան մասնագետների ներգրավման դժվարությամբ պայմանավորված՝ Հաստատությունում չի իրականացվել երեխաների՝ բժշկական, այդ թվում՝ պալեատիվ, օգնության և սպասարկման անհատական կարիքների գնահատում։
Արհեստական կերակրումն իրականացվում էր ներարկիչների և սնուցման զոնդերի (նազոգաստրալ զոնդ) միջոցով, որոնք առանց անհատականացման ախտահանվում և կրկին օգտագործվում էին։
Երեխաների հագուստը և նրանց համար առանձնացված կերակրման շշերը հնամաշ էին։
Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Հաստատությունն ունի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցի և խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։
Արձանագրվել են փաստաթղթերի պատշաճ վարման հետ կապված խնդիրներ։ Օրինակ՝ բացակայում էր «Առողջության մատյանը», թերի էր լրացված երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյանը:
Առկա է հաստատությունում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն։
Հաստատությունը ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու և առկա մասնագետների թիրախային վերապատրաստումների անհրաժեշտություն: Առկա է աշխատակիցների կողմից երեխաների հետ վարվեցողության հմտությունների կատարելագործման անհրաժեշտություն։
Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին, այդ թվում՝ 0-3 տարեկան երեխաներին, Հաստատություն տեղափոխելու գործընթացը, 2024 թվականի ընթացքում Հաստատությունում բնակվող որևէ երեխայի խնամք չի հանձնվել խնամատար ընտանիքի և որևէ երեխա չի վերադարձվել ընտանիք։
Հաստատությունում ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական, հասանելի և մատչելի հնարավորություն ապահովող մեխանիզմ։
Արձանագրվել են կրթական գործընթացը յուրաքանչյուր երեխայի պահանջներին համապատասխանեցնելու և հարմարեցնելու, համապատասխան կրթական արձագանք ապահովելու, ուսումնական հաստատությունների և Հաստատության արդյունավետ փոխհամագործակցության բացակայության հետ կապված համակարգային խնդիրներ։
Հաստատությունում բնակվող և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխան ապահովված չէր բրալյան գրքերով և անհրաժեշտ այլ մատչելի ուսումնական նյութերով, և այլն։
Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Հաստատության տնօրենի և աշխատակազմի հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տնօրենի հետ ունեցած քննարկման արդյունքում ներկայացրել են նաև խնդիրների լուծման հետ կապված առաջարկություններ:
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com