«Պեմզաշենի գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը երկարացվել է»
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր ընթացել է Պեմզաշենում մոր և երկու երեխաների դաժան սպանության գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույր Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը չի ընդունել մեղադրանքը եւ նշել է, որ դեպքի վայրում չի եղել։
Քննչական կոմիտեն հոկտեմբերի 25-ին հաղորդեց, որ պարզվել են Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Վրույր Բարսեղյանի վերաբերյալ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ վերջինս ճանաչվել է մեղսունակ:
Դատական նիստում այսօր քննարկվել է ամբաստանյալների խափանման միջոց կալանքի հարցը: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալ Արկադի Բարսեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու, ինչը մերժվել է:
«Պաշտպանության կողմը գտնում է, որ մեր պաշտպանյալի նկատմամբ կալանքը, որպես խափանման միրջոց, վարույթի այս փուլում դադարել է լինել անհրաժեշտ, ծառայել այն նպատակին, որի համար դատարանը մինչդատական վարույթում համարել է անհրաժեշտ»:
Դաժան սպանության գործով անցնող մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարացվել է 3 ամսով: Դատախազի ու տուժողի ներկայացուցչի խոսքով՝ քրեական դատավարությամբ սահմանված բոլոր 3 հիմքերը կան կալանքը 3 ամիս երկարացնելու, որովհետև Պեմզաշեն համայնքից շուրջ 30 վկա կա, նույն համայնքի բնակիչ են ու կարող են ազդել վկաների վրա: Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը նշել է, որ անմեղության կանխավարկածը չխախտելով՝ հաշվի առնելով, որ Վրույր Բարսեղյանին վերագրվում է առանձնապես ծանր 4 հանցագործություն, Արկադի Բարսեղյանին 3 հանցագործություն, որոնց համար ընդհուպ ցմահ ազատազրկում է սպասվում, չի բացառվում, որ ամբաստանյալները փախուստի փորձեն դիմել՝ պատժից խուսափելու համար:
«Հաշվի առնելով մեղադրյալների կողմից կատարված հանցանքների քանակը, հերթականությունը և նաև՝ որակյալ հատկանիշներից մեկ այլ հանցանքը թաքցնելու շարժառիթը ևս, որը նրանց դրդում է կրկին հանցանք կատարելու՝ այս ամբողջը վկայում են նաև ենթադրաբար վերջիններիս կողմից դուրս գալու դեպքում նոր հանցանքի կատարման ռիսկի բարձր լինելու մասին»:
Երբ դատավորը սպանված կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի ամուսնու՝ տուժող Սևակ Մելիքսեթյանի դիրքորոշումը փորձել է պարզել կալանքի ժամկետի վերաբերյալ, նա հայտարարել է.
«Ոչ թե երկարաձգվի, այլ պետք է գնդակահարել երկուսին էլ՝տեղում»:
Մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը դատարանում հայտարարել է, որ ցանկանում է՝ գործի վարույթի քննությունն իրականացվի Երևան քաղաքում և ոչ թե Շիրակի մարզի առաջին ատյանի իրավասության դատարանում։ Արկադի Բարսեղյանն էլ հավելել է, որ իր համար տարբերություն չկա: Գործը, սակայն, չի տեղափոխվի Շիրակի մարզ, քանի որ չկա մեղադրյալների համաձայնությունը, իսկ դա, ըստ դատավորի, հստակ ամրագրված է. պետք է մեղադրյալների համաձայնություն:
Հաջորդ դատական նիստը կկայանա 2024թ.-ի հունվարի 18-ին՝ ժամը 12։30-ին։
dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com