Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ բյուջեին մի այլ տեսակետից նայել, որի առաջարկը արել եմ նաև հանձնաժողովների մակարդակում քննարկումների ժամանակ: Ըստ էության՝ գաղափարը հետևյալն է. մենք պետական բյուջեն քննարկելիս պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, որ բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է:

Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ հոգնի կրկնել՝ բերելով հետևյալ զուգահեռը և համեմատությունը: Կառավարությունը բաղկացած է 14 անդամից: Ինչով են ՀՀ կառավարության անդամ հանդիսացող 14 անդամները տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ցանկացած 14 հոգուց: Կառավարությունը մյուս 14 հոգիներից տարբերվում է միայն մեկ բանով՝ այդ 14 հոգին կառավարում է երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը, որը ՀՀ պետական բյուջեն է»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ կցանկանար՝ պետբյուջեին նայեին հենց այդ տրամաբանությամբ:

«Պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով՝ առաջին հերթին կամ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է»,- հավելեց վարչապետը:

Նա ևս մեկ անգամ կրկնեց՝ ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող քաղաքացիներին:

«Հետևաբար ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, հետևաբար մենք բոլորս պետք է այս ընկալումն ավելի ու ավելի խորացնենք, որ ՀՀ պետական բյուջեն նաև մյուս կողմից մեր բոլորիս հավաքական, ընտանեկան բյուջեն է, և սա պետության և պետականության կարևորագույն ատրիբուտ և հատկանիշ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments