Սահմանազատման դեմ բողոքի ակցիաների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ
Սահմանազատման գործընթացի դեմ ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում մայիսի 8-ի դրությամբ առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ այդմ՝ նախաձեռնվել է ընդհանուր 11 քրեական վարույթ և բոլոր վարույթներով նախաքննությունը շարունակվում է։
Կոմիտեն նշում է, որ դրանցից 7-ը նախաձեռնվել են Տավուշում, Երևանում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու դեպքերի առթիվ։ Մյուս 4 քրեական վարույթները վերաբերում են ակցիաների ընթացքում մասնակիցների կողմից ավտոմեքենայի անվադող վնասելուն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ատելության քարոզ կատարելուն, ակցիաների շրջանակներում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև՝ առերևույթ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերին:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com