Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա նաև անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարությունները: Նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը: Ֆրանսիայի նախագահը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/08/03/Nikol-Pashinyan-Emmanuel-Macron-Telephone-Conversation/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralis

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments