Ցեղասպանությունների կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է. նախագահը նամակներ է հղել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Նիդերլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահներին, խորհրդարաններին, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներին՝ Հայոց ցեղասպանությունը տարբեր ձևաչափերով ճանաչելու, դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայոց Ցեղասպանության ճանաչումը, Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը, Ձեր հրամանագրով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ևս մեկ անգամ ընդգծում են Ֆրանսիայի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ռուսաստանի և անձամբ Ձեր ջանքերը: Ցեղասպանության ճանաչումը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիրը, Պետական դումայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում են Ռուսաստանի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել 2019թ. ԱՄՆ կոնգրեսի զույգ պալատների որոշումը և մասնավորապես նշել. «Հայաստանում մեծ գոհունակությամբ ընդունեցինք 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որին հաջորդեց ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը»: Հայաստանի նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է ճանաչել մարդկության դեմ իրականացված հանցագործությունը. «Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Ակնկալում ենք, որ Դուք կվերահաստատեք պատմական արդարությունն առաջ մղելու և և նոր ցեղասպանությունները կանխելու՝ Ձեր հանձնառությունը»: Նամակներում Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:
Աղբյուր՝ https://www.president.am/hy/press-release/item/2021/04/22/President-Armen-Sarkissian-April-24/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com