Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արմեն Նուրբեկյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները: Նշվել է, որ ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմման արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները: Հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը:
Ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը, մասնակցել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը (միջազգային կազմակերպությունների և այլ հեղինակավոր գործընկերների հետ), որը լրացուցիչ դիվերսիֆիկացիա կապահովի, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ֆոնդերի եկամտաբերությունների և ռիսկերի ցուցանիշների վրա: Մասնավորապես, Կենտրոնական բանկի հաշվարկների համաձայն՝ բաժնային արժեթղթերում ներդրումները մեծացնելու արդյունքում (25 տոկոսից 35 տոկոս) հնարավոր կլինի մեծացնել սպասվող միջին եկամտաբերությունը (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.7 տոկոս): Այս ամենի արդյունքում հավանականությունը, որ ֆոնդերի ապահոված եկամտաբերությունը կլինի ավելի ցածր, քան գնաճն է, երկարաժամկետում էապես նվազում է: Իրական հատվածում, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում ուղղակի ներդրումների արդյունքում (10 տոկոսի չափով) հնարավոր կլինի ապահովել բարձր եկամտաբերություն՝ ավելի ցածր տատանողականությամբ (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.43 տոկոս եկամտաբերությամբ և 0.2 տոկոսով պակաս տատանողականությամբ):
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին այլ տեսակի ներդրումային ֆոնդեր կառավարելու հնարավորություն տալու դեպքում ֆոնդերի կառավարիչները կկարողանան կիրառել իրենց կարողությունները՝ ստեղծելով և կառավարելով տարբեր տեսակի ֆոնդեր, որոնց շնորհիվ կֆինանսավորվեն տնտեսության տարբեր ոլորտներ և ներդրումային նախագծեր՝ էական ներդրում ունենալով տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային գործիքների ստեղծման և զարգացման գործում:
Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին առաջարկել է տարեկան գոնե մեկ անգամ հանդես գալ զեկույցով, որպեսզի քաղաքացիները տեղեկանան, թե ինչ է կատարվում կուտակային ֆոնդերում: Զեկուցողը դրական է արձագանքել առաջարկին՝ նշելով, որ նախատեսվող միջոցառմանը կներգրավվեն նաև ֆոնդերի ներկայացուցիչները:
Արմեն Նուրբեկյանը որոշ տվյալներ է ներկայացրել ընդհանուր կուտակային ֆոնդերի եկամտաբերության վերաբերյալ: «2023 թվականին միջին եկամտաբերությունը եղել է 15,3 տոկոս, 2024 թվականի տարեսկզբից՝ 9,4 տոկոս, իսկ ստեղծման պահից՝ մոտավորապես 8 տոկոսի եկամտաբերություն կա»,- ասել է նա:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com