Քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել «Եվրաքվե»-ի նախաձեռնությանը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրամիությանն առավելագույնս մոտ լինելու մասին հասարակական քննարկումներին և այս թեմայով ստորագրահավաքին՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը մեծ հանրային արձագանք է գտել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը նշեց, որ Եվրախորհրդարանում իր ելույթը, որում հայտարարել էր Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավորինս մոտ լինելու մասին, սոցիալական ցանցերում ամենաշատ տարածում ստացած ելույթներից մեկն է եղել։
«Երբ ես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում ելույթ ունեցա, ելույթի հիմնական լեյտմոտիվը հետևյալն էր՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Ինձ զարմացրեց, որ այդ ելույթը սոցիալական ցանցերում ամենամեծ տարածումն ու արձագանքը ստացած ելույթն է եղել։ Սա վկայում է այս օրակարգին հանրության լայն աջակցության մասին»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանը Ազգային ժողովում՝ վարչապետը նշեց, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։
«Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան և ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննակումներն ակտիվացել են, և այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի և նախագիծ է մտնում Ազգային ժողով։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունը արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։
Քաղաքական և հասարակական մի շարք նախաձեռնություններ ստորագրահավաք են անցկացրել Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու հարցով։ Նրանց հաջողվել է հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն, և հարցն առաջիկայում ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com