Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են սոցիալական, համայնքային և կառավարման ոլորտներում առկա հիմնահարցերին, քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին՝ կարևորելով կառույցների համագործակցության ամրապնդումը։

«Շատ ուրախ եմ, որ մեր հանդիպումները կրում են պարբերական բնույթ, քանզի այս կերպ հնարավորություն ունենք տեղում անդրադառնալ խնդիրներին, քննարկել քաղաքացիներին հուզող հարցերը և համատեղ գտնել գործնական լուծումներ։ Վստահ եմ, որ այս ձևաչափով շարունակական շփումը կնպաստի մարզում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,- ողջույնի խոսքում նշել է Դավիթ Առուշանյանը։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և նշել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը արդյունավետ է միայն համակարգված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքի արդյունքում․ «Շիրակի մարզպետի աշխատակազմը մեր այն գործընկերներից է, ում հետ շատ արդյունավետ ենք աշխատում։ Մեր աշխատանքը սկսվում է անհատական դիմումների քննարկումից, մինչև համակարգային խնդիրների լուծման տարբերակների դիտարկումը։ Վերջին շրջանում մարզից մեզ դիմել են թափառող շների խնդրով, անհատական մի շարք հարցերով»։

Դավիթ Առուշանյանն անդրադառնալով թափառող շների հարցին՝ նշել է, որ խնդրով զբաղվել է դեռ քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ, լուծման տարբերակներ քննարկվել են նաև վերջին տարիներին։

«Թափառող շների խնդիրը մեզ համար ունի երկու կարևոր բաղադրիչ։ Առաջինը՝ մարդու սահմանադրական իրավունքն է անվտանգ և պաշտպանված միջավայրում ապրելու, սա ինձ համար ամենակարևորն է։ Մարզի յուրաքանչյուր բնակիչ պետք է վստահ լինի, որ իր և իր երեխաների անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովված է։ Միաժամանակ, մեզ համար կարևոր է կենդանիների պաշտպանությունը։ Խնդրի լուծումը պետք է լինի մարդասիրական, օրենքի շրջանակներում և հավասարակշռված՝ ապահովելով թե՛ մարդկանց անվտանգությունը, թե՛ կենդանիների նկատմամբ պատասխանատու և հումանիտար վերաբերմունքը»։

 Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ընտրական գործընթացներին վերաբերող հարցերի։ Կարևորվել է ընտրական իրավունքի լիարժեք իրացման, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման ապահովումը մարզի բոլոր համայնքներում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների համատեղ և համակարգված լուծման ուղղությամբ։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments