«Ֆանտազիա է»․ Քոչարյանը՝ Սարգսյանի նախաձեռնության մասին
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարություններին՝ կապված «զինծառայությունից գումարով ազատվելու» օրինագծի շուրջ առաջացած տարաձայնությունների հետ։
«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային «զոռ տալ»»,- նշել է Քոչարյանը՝ արձագանքելով պատգամավորի այն պնդմանը, թե ինքը անձնական հավակնություններից ելնելով է դեմ քվեարկել նախագծին։ Քոչարյանի խոսքով՝ անընդունելի է այն մոտեցումը, ըստ որի հնարավոր է գումարով ազատվել զինծառայությունից։ «Ի՞նչն էր կարևոր՝ բանակից փողով ազատվե՞լը։ Բնականաբար պետք է դեմ լինեի նման մոտեցմանը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ առաջին անգամ է հանդիպում դեպքի, երբ պատգամավորն իր իսկ նախաձեռնությանը դեմ է քվեարկում։
Ճեպազրույցի ընթացքում Անդրանիկ Քոչարյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ հարցին՝ նշելով, որ այս հարցում որոշիչը պետք է լինի Հայաստանի շահը։ «Աշխարհը շատ անհանգիստ է։ Միայն ՀԱՊԿ-ի խնդիրը չէ։ Մեր երկրի շահը պետք է թելադրի մեր քայլերի հաջորդականությունը»,- ասել է նա։ Քոչարյանը հավելել է, որ ՀԱՊԿ-ի գործողությունները փորձ է արվել կապել Լեռնային Ղարաբաղի հետ, մինչդեռ, նրա խոսքով, Հայաստանի խնդիրները կապված են երկրի սահմաններում ստեղծված իրավիճակի հետ, երբ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






