Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի բռնի տեղահանվածներին
Հոկտեմբերի 3-ին Հայաստան այցելող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության՝ Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Ըստ Փարիզի՝ Կոլոննան կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կընդգծի ծայրահեղ զգոնությունը դրանց հարգանքի նկատմամբ։ Նա Հայաստանի իշխանությունների հետ կուսումնասիրի բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման կոնկրետ եղանակները։ Փարիզը նշում է, որ տարեսկզբից Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը Հայաստանին եռապատկվել է՝ հասնելով 12,5 միլիոն եվրոյի։ Նշվում է նաև, որ սեպտեմբերի 29-ին օգնություն է փոխանցվել Երևանին, որը նախատեսված է, մասնավորապես, սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների խնամքի համար։ «Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը», – ասված է հաղորդագրությունում։ https://www.diplomatie.gouv.fr/fr/dossiers-pays/armenie/evenements/article/armenie-deplacement-de-catherine-colonna-ministre-de-l-europe-et-des-affaires
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com