«Գյումրու առաջընթաց» հասարակական կազմակերպության հայտարարությունը կազմակերպության վարկաբեկման փորձերի մասին 1 ապրիլի, 2025 թ.
2025 թ. մարտի 31-ին «Անկախ դիտորդ» դաշինքի նեկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններոմ տեղի ունեցած խախտումներին, անդրադարձել էր նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, այդ թվում Գյումրու առաջընթաց ՀԿ-ին՝ նշելով «…օրինակ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ով հավատարմագրված որոշ դիտորդներ ևս ներկայանում էին որպես այս կամ այն ուժի հետ կապված անձինք տեղամասերում, նույնիսկ եղելա էպիկ դեպք, երբ որ «Գյումրու առաջընթաց»-ով հավատարմագրված դիտորդները ներկայացել են որպես անկախ դիտորդներ և հանձնաժողովները գրանցամատյանում գրանցել են որպես «Անկախ դիտորդ»։ Ոնց ենք դա մենք տեսել, գրանցամատյանը ուսումնասիրել ենք ու տեսել ենք Անկախ դիտորդ, ինչ-որ անուն ազգանուն, տեսնում ենք, մեզ մոտ էդպիսի մարդ չկա։»։
«Գյումրու առաջընթաց» ՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը, նկատելով, որ Դ.Իոաննիսյանը վերոհիշյալ խոսքում իրականությանը չհամապատասխանող բաներ է ասել «Գյումրու առաջընթաց» ՀԿ մասին, հնարավոր թյուրիմացությունը պարզելու համար հեռախոսային զրույց է ունեցել վերջինիս հետ, պարզելու համար եղելությունը: Վերջինս պատասխանել է, թե կճշտեն։ Մի քանի ժամ անց, տեսնելով, որ չի արձագանքում, առաքելության ղեկավարը գրավոր է խնդրել հիշյալ տեղամասի և դիտորդների տվյալները փոխանցել «Գյումրու առաջընթացին»՝ դիտորդների հնարավոր խախտումները պարզելու համար: Եւս մի քանի ժամ անց նրա փոխարեն Գևորգ Քոթանջյանը Դ.Իոաննիսյանի մեսենջերային հասցեից պատասխանել է․ «Չեմ հիշում անունը դիտորդի, բայց բան ա եղել. տիկնիկային թատրոնում ա եղել, ներկայացել ա առաջադեմ, «Գյումրու առաջընթաց», կարդալով, իհարկե, ու ասել ա, բանա, ում կողմից եք ուղարկվել, ասել ա (թեկնածուներից եւ դաշինքներից մեկի անունն է տվել), դիտորդի անուն-ազգանունը չենք ֆիքսել, էդքանը գիտեմ։»: «Գյումրու առաջընթաց» ՀԿ դիտորդական առաքելությունը, նկատելով, որ «Անկախ դիտորդ» առաքելությունը չի հիմնավորում Դ.Իոաննիսյանի հայտարարությունը, զգուշացրել է, որ սա նմանվում է անհիմն մեղադրանքի և զրպարտության։ Ապրիլի 1-ի առավոտյան Դ.Իոաննիսյանը տեղեկացրել է, թե կճշտեն։ Մինչ այս պահը ոչ «Անկախ դիտորդ» դաշինքը, ոչ էլ Դ.Իոաննիսյանը հերքող հայտարարությամբ հանդես չեն եկել:
«Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն, վերլուծելով տեղի ունեցածը, հայտարարում է, որ
- «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դ.Իոաննիսյանը փաստեր չի ունեցել հայտարարելու, թե. «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ով հավատարմագրված որոշ դիտորդներ ևս ներկայանում էին որպես այս կամ այն ուժի հետ կապված անձինք տեղամասերում, նույնիսկ եղելա էպիկ դեպք, երբ որ «Գյումրու առաջընթաց»-ով հավատարմագրված դիտորդները ներկայացել են որպես անկախ դիտորդներ և հանձնաժողովները գրանցամատյանում գրանցել են որպես «Անկախ դիտորդ»։
- Այդ հայտարարությամբ Դ.Իոաննիսյանը դիտավորյալ կամ անգիտակցաբար վարկաբեկում է «Գյումրու առաջընթաց» դիտորդական առաքելությունը:
- «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դ.Իոաննիսյանը հավանաբար տեղյակ չէ, որ դիտորդներին տեղամասային հանձնաժողովում գրանցում են որպես որևէ դիտորդական առաքելության ներկայացուցիչ ոչ թե բանավոր խոսքի, այլ գրավոր վկայականի տվյալների հիման վրա:
- Սա այս ընտրություններում երկրորդ դեպքն է, երբ Դ.Իոաննիսյանը անհիմն մեղադրանքներ է նետում «Գյումրու առաջընթաց» ՀԿ դիտորդական առաքելության հասցեին և պատասխանատվություն չի ստանձնում իր հայտարարությունների համար:
Վերոհիշյալի հիման վրա «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն պահանջում է «Անկախ դիտորդ» դաշինք դիտորդական առաքելությունից և Դ.Իոաննիսյանից բացատրությամբ և հիմնավորումներով հանդես գալ վերոհիշյալ հայտարարության մասին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հրապարակային կերպով ներողություն խնդրել «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն վարկաբեկելու փորձի համար:
«Գյումրու առաջընթաց» ՀԿ
Նախագահ Հասմիկ Մխիթարյան
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com