Գյումրու ավագանու նիստում քննարկվել է տոնակատարության համար նախատեսված 17 միլիոն դրամի հետագա տնօրինման հարցը
Հոկտեմբերի 14-ին կայացած Գյումրու ավագանու նիստում կրկին քննարկման առարկա է դարձել Գյումրու օրվա տոնակատարության ֆինանսավորման հարցը։ Համայնքային բյուջեով նախատեսված 17 միլիոն դրամի հնարավոր տնտեսումը և դրա հետագա օգտագործումը քաղաքական բանավեճի առիթ են դարձել։
Գյումրու օրվա միջոցառումների կազմակերպման համար համայնքային բյուջեով նախատեսվել էր 17 միլիոն դրամ։ Սակայն տոնակատարությունը գործարար Սամվել Կարապետյանի միջոցներով կազմակերպելու դեպքում այդ գումարը կարող է մնալ համայնքային բյուջեում և ուղղվել այլ նպատակների։
Ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանից պահանջել է ներկայացնել ֆինանսավորման մանրամասները, որպեսզի ավագանու անդամները հնարավորություն ունենան առաջարկություններ ներկայացնելու տնտեսվող գումարի հետագա օգտագործման վերաբերյալ։
Քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները քննադատել են տոնակատարության կազմակերպման գործընթացը՝ հարց բարձրացնելով, թե որքանով է նպատակահարմար համայնքային նշանակության միջոցառումն իրականացնել մասնավոր ֆինանսավորմամբ։
Քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը պաշտպանել է բարերարի աջակցությամբ տոնակատարություն անցկացնելու մոտեցումը՝ ընդգծելով, որ դա չի նշանակում քաղաքային միջոցառումների կազմակերպման հարցում արտաքին թելադրանքի ընդունում։
Միևնույն ժամանակ, 17 միլիոն դրամի հնարավոր տնտեսումը օրակարգ է բերում համայնքային բյուջեի միջոցների հետագա օգտագործման հարցը։ Մասնավորապես, դեռևս հստակեցման կարիք ունի, թե ինչ նպատակների կարող է ուղղվել գումարը, ինչպես են որոշվելու առաջնահերթությունները և ինչ մասնակցություն է ունենալու ավագանին համապատասխան որոշումների կայացման գործընթացում։
Նիստում անդրադարձ է կատարվել նաև Գյումրիի առօրյա խնդիրներին՝ Խորենացի փողոցի խնդրահարույց հատվածին, թափառող կենդանիների համար կացարանի բացակայությանը, ինչպես նաև ամանորյա միջոցառումների ֆինանսավորմանը։
Քաղաքում առկա ենթակառուցվածքային և սոցիալական խնդիրների պայմաններում համայնքային միջոցների նպատակային օգտագործման հարցը շարունակում է հանրային նշանակություն ունենալ։
Թե ի վերջո որ խնդիրների լուծմանը կուղղվի Գյումրու օրվա համար նախատեսված և հնարավոր է՝ չծախսվող 17 միլիոն դրամը, առայժմ հստակ չէ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com



















