Թեժացած նախընտրական մթնոլորտ Գյումրիում․ ով ում դեմ է տալիս «վերջին մենամարտը»
Գյումրիում վաղվանից կսկսվի պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև մարտի 28-ը՝ ժամը 24․00-ն։ Սակայն մինչ այդ էլ գյումրեցիներն ականատեսն էին թեկնածուների ակտիվ քարոզչությանը՝ փողոցներում հայտնված ցուցապաստառներին,բակային հանդիպումներին, նախընտրական խոստումներին, սոցիալական ցանցերում տեղ գտած փոխադարձ վիրավորանքներին ու հեռակա լեզվակռիվներին։
Ոչ պաշտոնապես մեկնարկված քարոզարշավը թեժացավ, երբ կիրակի օրը այս քաղաք ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական գալա միջոցառմանը մասնակցելու ու խոսեց ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ իրենց կատարած քայլերից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձավ ինչպես Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին, այնպես էլ Վարդան Ղուկասյանին։ Սամվել Բալասանյանի դեպքում «Սև Բերդ» ամրոցը համարեց ապօրինի սեփականաշնորհած գույք, Վարդան Ղուկասյանի ու մյուս թեկնածուների մասին էլ հայտարարեց՝ «Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի Հայաստանի Հանրապետության ժողովրդին»։
Նիկոլ Փաշինյանը հստակեցեց, որ «դրանք Միշիկի, Վարդանիկի, Ռոբիկի և Սերժիկի գույքերն են»։
Նա բավական կոշտ գնահատականներ հնչեցրեց մրցակիցների հասցեին՝ նրանց համեմատելով առնետների հետ ու պնդելով, որ դուրս են եկել նկուղներից քաղաքական արշավների՝ իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։
Նիկոլ Փաշինյանի այս ելույթին հաջորդեցին թե՛ Սամվել Բալասանյանի և թե՛ Վարդան Ղուկասյանի կոշտ հակադարձումները։
ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանը, տեղեկացնելով, որ «Սև Բերդ» ամրոցը գնել է մասնավոր անձից, ոչ թե համայնքից, ասել էր․ «Այն չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովեռի կողքին»: Սամվել Բալասանյանն անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանի նկարագրած «վերջին բոյին»՝ հայտարարելով, որ «վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև Բերդ»- ի դեմ»:
Ինչպես Սամվել Բալասանյանը, այնպես էլ Վարդան Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին էին խոսել։
Վարդան Ղուկասյանը, սուտ որակելով վարչապետի հնչեցրած այն միտքը, թե Վարդան Ղուկասյանը, քաղաքապետ դառնալով, փորձում է փրկել իր ապօրինի ձեռք բերած գույքը բռնագանձումից, ասել էր․ «Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ թող չկարծի, թե սա Վարդան Ղուկասյանի վերջին մենամարտն է. Գյումրու քաղաքապետ Ղուկասյանը իր պաշտոնավարման ժամանակ փոխել է 3 նախագահ և 5 վարչապետ։ Վստահեցնում ենք, դուք լինելու եք 6-րդը»։
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, «Եվրադաշինքի» քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ևս արձագանքել էր վարչապետի ելույթին՝ հիշեցնելով, որ ինքը ևս թեկնածու է, և այդ հայտարարությունը չնայած անվանական չէ, բայց իր հասցեին զրպարտչական է։
Լևոն Բարսեղյանը մի քանի օգտակար կոչեր էր հնչեցրել․
1. Պետական բարձր պաշտոնյան պարտավոր է պատասխանատու լինել իր հայտարարությունների եւ գործողությունների համար: Այս համատեքստում արժեքավոր կլիներ իր պարզաբանող եւ ափսոսանքի հայտարարությունը վերոհիշյալի մասին:
2. Հրապարակային մեղադրանքները անել աներկբա մատնանշումներով եւ հիմնավոր կերպով: Հակառակի հետեւանքով ձախողումների օրինակները («Մարտի մեկն ամբողջ ծավալով բացահայտված է…», «ես նման բան չեմ ասել», Ն.Փ.) վարկաբեկում են նմանատիպ հայտարություններն անողներին: Միաժամանակ, կարեւոր է այդ հայտարարություններն անելիս չվնասել հնարավոր իրավական գործընթացները, քննությունները եւ դատավարությունները:
3. Այդօրինակ ճառերից առաջ խորհրդակցել բանիմաց մարդկանց, խորհրդականների եւ օգնականների հետ, խուսափելու համար ամոթալի վրիպումներից, եթե իհարկե դիտավորություն չէր արածը»:
Նկատենք, որ Գյումրու նախընտրական մթնոլորտը գրեթե ամեն օր թեժանում է․ չկա օր, որ մի նոր թեմայի շուրջ լեզվակռիվ չծավալվի։
Երեկվանից փոխադարձ մեղադրանքներ են հնչում Գյումրու փողոցներից մեկի խճապատման շուրջ։ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը գլխավորում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը, տեսանյութ էր տեղադրել իր ՖԲ էջում՝ ցույց տալով, թե ինչպես է Այվազովսկու փողոցի բնակիչներին օգնել ցեխերից ազատվելու․ խճապատել է։
ՔՊ-ի ավագանու թեկնածու Քնարիկ Հարությունյանը, սա տեսնելով, խստորեն քննադատել է Մարտուն Գրիգորյանին՝ խճապատ տեսահոլովակը համարելով նախընտրական քարոզչության չստացված տարր, որը նպատակ ունի գյումրեցիներին մոլորության մեջ գցել։ Նա հիշեցրել է, որ իրենց թեկնածուի՝ Սարիկ Մինասյանի գործողությունները բխում են նրա զբաղեցրած պաշտոնից, միչդեռ, ըստ Քնարիկ Հարությունյանի, Մարտուն Գրիգորյանը նոր է հիշել, որ Գյումրիում անմխիթար վիճակում գտնվող փողոցներ կան և լուծումը համարել է բեռնատարով խճի ցուցադրումը:
Այսօր հնչել է Մարտուն Գրիգորյանի օգնականի հումորային արձագանքը՝ «Մեր շեբինը ձեր շեբինին վնաս չէ»։
Թեժ բանավեճ է սկսվել նաև Գյումրու մանկապարտեզները 2026 թվականից անվճար դարձնելու Սարիկ Մինասյանի հայտարարության շուրջ։ Այս գաղափարի իրական հեղինակը Սամվել Բալասանյանի կառավարման տարիներին Գյումրու ավագանու մաս կազմող «Գալա» խմբակցությունն էր։ Իսկ «Ապրելու երկիր» խմբակցությունը, որը գտել է միջոցները, թե ինչպես մանկապարտեզները դարձնեն անվճար, 2024 թվականի դեկտեմբերին ավագանու նիստ հրավիրեց՝ այս հարցը քննարկելու, սակայն այն մերժվեց ՔՊ-ի կողմից։
«Նախորդ տարի դեկտեմբերի 20-ին մանկապարտեզը 2025թ․-ից անվճար դարձնելու առաջարկ արեցի, որը ՔՊ-ն մերժեց։
ՔՊ֊ը թիմի որոշ անդամներ երկար ճառեր էին ասում, թե ինչու հնարավոր չէ մանկապարտեզները անվճար դարձնել։
Այսօր, քաղաքապետի ժ/պ-ն ազդարարում է, որ մանկապարտեզներն անվճար կդառնան 2026թ.-ից», -գրել է Կարեն Մալխասյանը՝ արձագանքելով Գյումրու քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանի հայտարարությանը։
Իսկ Լևոն Բարսեղյանը նշել է․ «Գյումրու բոլոր համայնքային մանկապարտեզներում ուսումը լինելու է անվճար 2025-ի մայիսից եւ ոչ թե 2026 թվից, ինչպես ասում է խնդիրը նոր-նոր նկատած ՔՊ թեկնածուն»:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com