Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 190 խրտվիլակ, 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանիների և թռչունների ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր։
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։
Նախնական տվյալներով՝ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս։
ՔԿ-ն հայտնում է նաև, որ առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել առաջիկա օրերին և հանձնել պատասխանատու պահպանության։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Միաժամանակ, ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները գտնվել են լավագույն պայմաններում, իսկ դրանց պահպանման համար առկա են եղել օրենքով սահմանված անհրաժեշտ թույլտվությունները։ Նրա խոսքով՝ կենդանիների համար ապահովված են եղել համապատասխան խնամքի և պահպանության պայմաններ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






