Շիրակն ու Գյումրին՝ զբոսաշրջային խաչմերուկում. աճի միտումներ, կառուցվածքային խնդիրներ և ռազմավարական տեսլական

Շիրակն ու Գյումրին՝ զբոսաշրջային խաչմերուկում. աճի միտումներ, կառուցվածքային խնդիրներ և ռազմավարական տեսլական

Շիրակի մարզն ու Գյումրին վերջին տարիներին ամրապնդել են իրենց դիրքերը Հայաստանի զբոսաշրջային քարտեզում։ Պատմամշակութային հարուստ ժառանգությունը, քաղաքային կոլորիտն ու բնական ռեսուրսները ձևավորել են զգալի ներուժ, սակայն ոլորտի կայուն զարգացումը դեռևս բախվում է ենթակառուցվածքային, սպասարկման որակի, մարքեթինգային և կառավարման լուրջ մարտահրավերների։

«Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում ոլորտի պատասխանատուներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները վերլուծել են մարզի զբոսաշրջային իրականությունը, առկա խոչընդոտներն ու զարգացման հեռանկարները։

Զբոսաշրջային հոսքեր և վիճակագրություն. կայունությո՞ւն, թե՞ լճացում

Զբոսաշրջային հոսքերի գնահատումը Շիրակի մարզում իրականացվում է մի քանի հիմնական ցուցիչներով, որոնցից առաջնայինը թանգարանների այցելություններն ու «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներն են։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի փոխանցմամբ՝ համայնքապատկան թանգարաններում կտրուկ անկումներ կամ ահռելի տատանումներ չեն արձանագրվել։ Նրա խոսքով, 2023–2025 թվականների համեմատությամբ իրավիճակը հաստատուն է։ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին «Կումայրի» արգելոց-թանգարանում և Ասլամազյան քույրերի պատկերասրահում նույնիսկ այցելությունների աճ է գրանցվել։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ցուցանիշները պահպանվել են, իսկ Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարաններում արձանագրվել է թեթև անկում, որը սովորաբար լրացվում է աշնանային դպրոցական աբոնեմենտային այցելությունների հաշվին։

Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը ներկայացրեց միջազգային և ներքին հոսքերի պատկերը։ Նրա խոսքով, 2025 թվականին «Շիրակ» օդանավակայանից օգտվել է շուրջ 138․000 քաղաքացի, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 23% աճ է արձանագրել։

Ըստ նրա, մաքսակետերի կամ օդանավակայանի տվյալներով հնարավոր չէ հստակ տարանջատել գիշերակացով այցելուներին տարանցիկ ճանապարհորդներից, քանի որ հանրապետությունում մեթոդաբանությունը դեռևս հստակեցման փուլում է։

Մինչդեռ «Բեռլին» հյուրատան տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը նշում է, որ ոլորտում նկատվում է ոչ թե աճ, այլ լճացում.

«Ռուսթավելի փողոցի և Գյումրու կենտրոնի վերականգնման հետ կապված զբոսաշրջային «բումը» շարունակականություն չունեցավ։ Տուրիզմը չափազանց զգայուն ոլորտ է․ տարածաշրջանային քաղաքական ցնցումներն ու պատերազմները հանգեցրել են գերմանախոս խմբերի (Գերմանիա, Ավստրիա) զգալի պակասեցմանը։ Իսկ ներքին տուրիզմում առկա է լճացում. մարդիկ եկան, տեսան պատմական քաղաքը, բայց նոր առաջարկ չստանալով՝ կրկնակի այցելությունների պատճառ չեն գտնում»,- ասում է Տեր-Մինասյանը։

Բիզնեսի մարտահրավերները. վարչարարություն, սեզոնայնություն և ենթակառուցվածքներ

Մասնավոր հատվածի ներկայացուցիչները փաստեցին, որ ներդրումային միջավայրն ու բիզնեսի վարումը բախվում են մի շարք բյուրոկրատական ու ենթակառուցվածքային խոչընդոտների։

Ալեքսան Տեր-Մինասյանի խոսքով՝ ներդրողները հաճախ հիասթափվում են, քանի որ ստիպված են առնչվել 4-5 տարբեր գերատեսչությունների հետ։ Ճարտարապետական կանոնակարգերի անհստակությունը հանգեցնում է նախագծերի ձգձգմանը։ Նա առաջարկում է ստեղծել արագ արձագանքման ճարտարապետական մասնագիտական կոմիտե, որը կկարգավորի այս հարցերը։

Կարեն Բադիշյանն արձագանքեց, որ վարչարարության երկարաձգումը հաճախ պայմանավորված է քաղաքի պատմամշակութային կոլորիտի պահպանմամբ, քանի որ մասնավոր հատվածը երբեմն փորձում է արագ եկամուտ ապահովել՝ հաշվի չառնելով ճարտարապետական միջավայրը։ Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ ծառայությունների մատուցման ոլորտում և հյուրանոցային մահճակալների քանակում գույքագրվել է 15-16% աճ։

Իրենց հյուրանոցի օրինակով, Ալեքսան Տեր-Մինասյանը նշեց, որ հյուրանոցային բիզնեսը Գյումրիում հիմնականում աշխատում է շաբաթօրյա ծանրաբեռնվածությամբ՝ ձմռանը կանգնելով փակման վտանգի առջև։ Նա ներկայացրեց Գերմանիայի փորձը, որտեղ պասիվ սեզոնը հաղթահարվում է ցուցահանդեսների (էքսպո) կազմակերպմամբ։

«Գյումրիի նախկին գործարանները, օրինակ՝ Հղկող հաստոցների գործարանի տարածքը, պատրաստի էքսպո-կենտրոններ դառնալու պոտենցյալ ունեն։ Պահանջվում է միայն ճիշտ լուսավորություն, կահավորում և կոմունիկացիոն ենթակառուցվածքներ»,- ավելացրեց նա։

«Մեղր և բույս» սրճարան-ռեստորանի և հյուրատան հիմնադիր Արտուշ Եղիազարյանի դիտարկմամբ՝ զբոսաշրջությունը զարգանում է ինքնահոս եղանակով։

«Զգացողություն կա, որ դեռ ապրում ենք մի երկրում, որտեղ կա Երևանն ու նրա հարակից տարածքները, իսկ Շիրակը թողնված է ինքն իր հույսին։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանները, որոնք զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 1/6-րդը, ունեն հրաշալի բնություն, Արփի լիճը, Թռչկանը, Ղարախաչը, հանքային ջրեր, սակայն տեղեկատվության և գովազդի բացակայության պատճառով այս ռեսուրսը չի օգտագործվում, իսկ հարակից գյուղերը դատարկվում են»,- նշեց նա։

Անդրադառնալով Արփի լճի տարածքում ենթակառուցվածքների բացակայությանը՝ Կարեն Բադիշյանը պարզաբանեց, որ Ամասիա և Աշոցք համայնքներն առաջնահերթ լուծում են բնակավայրերի կենսական նշանակության հարցերը՝ խմելու և ոռոգման ջուր, գազաֆիկացում։ Միևնույն ժամանակ, ընթացքի մեջ է Արփի լճի հարակից բնակավայրերի զբոսաշրջային դրամաշնորհային ծրագրի գնահատման փուլը։

Մարզում առկա է որակյալ մասնագետների (ճարտարապետներ, նախագծողներ, ֆոնդհայթայթողներ, մարկետոլոգներ) խիստ պակաս։ Համայնքների ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում մայրաքաղաքից բարձր վարձատրվող մասնագետներ ներգրավելու համար։

Մշակութային քաղաքականություն, թանգարանային նորարարություն և եղանակային գործոն

Մշակութային միջոցառումները Գյումրիի զբոսաշրջային հոսքերի հիմնական շարժիչներից են, սակայն այստեղ ևս առկա են խնդիրներ.

Լիլիթ Թովմասյանը նշեց, որ բացօթյա միջոցառումների համար Գյումրիում եղանակը վճռորոշ է (գարնանը և աշնանը հաճախակի տեղումները խափանում են ծրագրերը)։ Քաղաքին անհրաժեշտ են ծածկած կամ այլընտրանքային տարածքներ։

Ալեքսան Տեր-Մինասյանը շեշտեց թանգարաններում գիտական բաղադրիչի ավելացման անհրաժեշտությունը։ Նա առաջարկեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Գերմանիայի «Լեպսիուսի հիմնադրամի» միջև կապեր հաստատել՝ օգտագործելով առկա հարուստ արխիվները։

Առաջարկվեց քաղաքացիական հանգանակության՝ մարաթոնի միջոցով ձեռք բերել Վարդանանց հրապարակում գտնվող «Զիգզագ»-ի նախկին շենքը և այն վերածել Ժամանակակից արվեստի թանգարանի՝ ցուցադրելով 1998 թվականից Գյումրիում անցկացված Բիենալեների նյութերը։

Լիլիթ Թովմասյանը հավելեց, որ վերջին 6-7 տարիներին դրամաշնորհային և համայնքային միջոցներով Գյումրու համայնքապատկան թանգարաններում մեծ աշխատանք է արվել, մասնավորապես՝ տպագրվել են Հովհաննես Շիրազի բոլոր անտիպ գործերը։

Պետություն–համայնք–մասնավոր համագործակցություն և 2026–2030 թթ. ռազմավարությունը

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ոլորտի զարգացումը պահանջում է պետական հստակ ռազմավարություն և ՏԻՄ-երի նախաձեռնողականություն։

Կարեն Բադիշյանի փոխանցմամբ՝ փոխվում է պետություն-համայնք համաֆինանսավորման կարգը։ Առաջնահերթություն է տրվելու մշակութային կենտրոնների վերազինմանը, ամրացմանն ու գույքի ձեռքբերմանը։

ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարության շրջանակում Շիրակի մարզում նախատեսվում են առանձին կլաստերներ, որտեղ Գյումրին և Արփի լիճը ներառված են որպես առանձին միավորներ։

Արտուշ Եղիազարյանը շեշտեց, որ պետք է կրթել տեղական համայնքներին, որպեսզի բնակիչները հասկանան զբոսաշրջության էությունը, կարողանան ներդրումային նախագծեր կազմել և գույքագրել իրենց ռեսուրսները։

Բարձրացվեց նաև հանրային զուգարանների բացակայության խնդիրը։ Բադիշյանը նշեց, որ միջոցառումների ժամանակ կիրառվում են շարժական հանգույցներ, սակայն անհրաժեշտ է քարտեզագրել և ստացիոնար տեղեր նախանշել։

Շիրակի մարզն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանային զբոսաշրջային հաբ դառնալու համար։ Սակայն ինքնահոս աճից պլանավորված զարգացման անցնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն, բյուրոկրատական քաշքշուկների պարզեցում, տեղական համայնքների կրթում և ենթակառուցվածքների թիրախային վերազինում։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments