Ուղիղ ժողովրդավարությո՞ւն, թե քաղաքական փակուղի

Ուղիղ ժողովրդավարությո՞ւն, թե քաղաքական փակուղի․ ինչու՞ ՏԻՄ ճգնաժամերը չեն լուծվում առանց բնակչության ինքնակազմակերպման

Տեղական ինքնակառավարումը ցանկացած ողջամիտ պետության հիմքն է․ այն կետը, որտեղ քաղաքացին ամենամոտն է կանգնած իշխանությանն ու իր կենսական որոշումների կայացմանը։ Այնուամենայնիվ, Հայաստանի համայնքներում վերջին շրջանում նկատվող քաղաքական ու վարչական ճգնաժամերը ցույց են տալիս, որ տեղական իշխանության և բնակչության միջև կապը հաճախ խզվում է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների հարթակը վերածվում է վերևից պարտադրվող քաղաքական խաղերի ասպարեզի։

Փորձագիտական շրջանակներում ահազանգում են՝ համայնքներում առկա ճգնաժամերն ու քաղաքական բախումները հնարավոր չէ լուծել առանց բնակչության անմիջական մասնակցության։

Գյումրիում ենթադրյալ կառավարման ճգնաժամի մասին պարբերաբար բարձրաձայնում են ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության անդամները։ Մինչդեռ փորձագիտական դաշտում կարծիքները տարբեր են՝ արդյո՞ք քաղաքում առկա է իրական ճգնաժամ, թե՞ սա պարզապես քաղաքական պայքարի ու տեղական ինքնակառավարման համակարգային խնդիրների հերթական դրսևորումն է։

Քաղաքական պատկերը

Գյումրու ավագանու 33 մանդատները բաշխված են հետևյալ համամասնությամբ․

  • 19 մանդատ (մեծամասնություն)․ 4 քաղաքական ուժերի՝ Հայաստանի Կոմկուսի, «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունների միավորում։ Այս դաշինքը 2025 թվականի ապրիլին քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին։
  • 14 մանդատ (փոքրամասնություն)․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Ամառային արձակուրդից առաջ Գյումրիում ավագանու 1 նիստ չէր կայացել, ինչից հետո հրավիրվել էր 1 արտահերթ նիստ, որին ՔՊ-ն չէր մասնակցել։

«Փորձում են խոչընդոտել ավագանու աշխատանքը, բայց լուծարման հիմքեր չկան»

ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի գնահատմամբ՝ Գյումրու ավագանու մի մասը նիստերը բոյկոտում է, ձգտելով տանել ավագանու լուծարման, սակայն իրավական տեսանկյունից դրա համար հիմքեր չկան։

«Բացի այն անհեթեթ սցենարից, որ Ախուրյան համայնքից 1-2 գյուղ կտրեն, կցեն Գյումրիին, անունը դնեն վերախոշորացում և նոր ընտրություններ անցկացնեն, այլ տարբերակ չկա։ Քանի դեռ ավագանին նիստեր է գումարում և քվորում ունի, լուծարման հիմք չկա»,- նշում է Բարսեղյանը։

Ըստ նրա՝ 19 հոգանոց մեծամասնությունից քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գտնվում է տնային կալանքի տակ և նիստերին մասնակցել չի կարող, սակայն մյուս 18 անդամները ապահովում են անհրաժեշտ քվորումը որոշումներ կայացնելու համար։

«Նույնիսկ եթե ՔՊ-ի 14 անդամները նիստերի չգնան մինչև լիազորությունների ավարտը, 18 հոգով մշտապես նիստեր կանեն։ Այլ հարց է, թե որքանով են այդ որոշումներն արդյունավետ»,- ավելացնում է նա՝ նկատելով, որ քաղաքում 2024 թվականից հետո «գլորվող» կամ իներցիոն կառավարում է, և զարգացման թռիչքաձև քայլեր չեն երևում։

Բարսեղյանը նաև ընդգծում է Վարդան Ղուկասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև առկա խորը, անձնական հակամարտությունը, ինչպես նաև Ղուկասյանի դեմ առկա քրեական գործերն ու ապօրինի գույքի (22 անուն անշարժ գույք) բռնագանձման պահանջները, որոնք անհնարին են դարձնում կողմերի միջև հաշտությունը։

Կենտրոնական իշխանություն և ՏԻՄ․ անկախության ու ֆինանսների պակաս

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ պայքարը գնում է ոչ թե համայնքային գաղափարների, այլ քաղաքական ազդեցության ցուցադրման համար։

«Ստեղ կապ չունի՝ ով է իշխողը։ Տարբեր կուսակցություններ իրենց շահից ելնելով էդ կոնֆլիկտը ստեղծելու են։ Համայնքում պայքարը գնում է ոչ թե կարևոր խնդիրների լուծման, այլ ցույց տալու համար, որ տվյալ կուսակցությունը կարողացել է ձայն տանել»,- նշում է Արտաշեսյանը։

Նրա պնդմամբ՝ ՏԻՄ-ն ու պետական կառավարումը պետք է տարանջատված լինեն, սակայն անկախության բացակայության պատճառով համայնքները մշտապես նայում են կենտրոնական իշխանության դիրքորոշմանը։

«Ոչ մի իշխող ուժ չի ուզում իր իշխանությունը տրոհել։ Համայնքն ինչքան ուժեղանում է, այնքան ազգային մակարդակում կառավարումը թուլանում է»,- ավելացնում է նա։

Ֆինանսական ապակենտրոնացման անհրաժեշտությանն է անդրադառնում նաև Լևոն Բարսեղյանը։

«Հայաստանում շուրջ 20 տարի բոլոր համայնքային բյուջեների հանրագումարը կազմում է ընդհանուրի ընդամենը 8.5%-ը, որի 2/3-րդը Երևանինն է, իսկ 1/3-րդը՝ մնացած բնակավայրերինը։ Մինչդեռ հետխորհրդային և եվրոպական այլ երկրներում այդ ցուցանիշը 20-25% է, միջին եվրոպական երկրներում՝ 30-40%, իսկ Սկանդինավյան պետություններում՝ 50-60%։ Հայաստանում կան համայնքներ, որտեղ մեկ շնչին ընկնող բյուջեն 100,000–110,000 դրամ է, և համայնքներ, որտեղ այն ընդամենը 50,000 դրամ է»,- ավելացնում է նա։

«Ժողովրդավարություն՝ միայն հաղթելու պայմանով»

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը գտնում է, որ Հայաստանում արդյունավետ տեղական ինքնակառավարման համակարգ դեռևս չկա, ընթանում է անձերի, այլ ոչ թե գաղափարների պայքար։

«Իշխանությունները համաձայն են, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական, բայց մի պայմանով՝ որ հաղթի ՔՊ-ն։ Սա Ֆորդի հայտնի խոսքի նման է՝ «Մեքենան կարող է լինել ցանկացած գույնի, պայմանով, որ լինի սև»»,- նշում է Մարտիրոսյանը։

Նա հավելում է, որ ավագանու նիստերի օրակարգերում զարգացման հարցեր չկան․ «Ձանձրալի հարցերի շարք է՝ օտարում, տրամադրում, նախորդ որոշման փոփոխություն»։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը իրավիճակը դիտարկում է քաղաքական վարքագծի տիրույթում․ «Էն, ինչ տեղի է ունենում, քաղաքական դրսևորումներ են, որոնք օրենքը չի արգելում։ Անգամ սարկազմն է դարձել քաղաքական վարքագծի մեթոդ։ ՏԻՄ համակարգը դեռ զարգանալու տեղ ունի, և քաղաքացին պետք է մեծ դեր ունենա ինչպես որոշումների կայացման, այնպես էլ դրանց իրականացման մեջ»։

Երբ պահանջը չի գալիս ներքևից․ իշխանական ու ընդդիմադիր լծակների բախումը

Արտաշեսյանի խոսքով, երբ համայնքային խնդիրների լուծման պահանջն ու վերահսկողությունը չեն ձևավորվում «ներքևից»՝ բնակիչներից, հարցի լուծումը ամբողջությամբ տեղափոխվում է «վերևներ» և լուծվում է զուտ քաղաքական դաշտում։ Այս սցենարի դեպքում կողմերից յուրաքանչյուրը սկսում է կիրառել իր ձեռքի տակ եղած մեխանիզմները․

«Երբ հարցը տեղափոխվում է քաղաքական հարթություն, իշխանությունը գործի է դնում վարչական ու իրավական ողջ ապարատը։ Համայնքի ղեկավարին կարող են պատասխանատվության կանչել անկախ նրանից՝ նա իրապես մեղավոր է, թե չէ։ Օրինակ՝ հարկային մարմինը կարող է ակտ գրել ու ասել․ «Գնա դատարանում բողոքարկիր»։ Նույն կերպ ճանապարհային ոստիկանը կարող է կանգնեցնել, ասել․ «Խախտում ես արել»։ Վարորդի այն պնդմանը, թե «չեմ արել», ոստիկանը կպատասխանի․ «Ես իմ գործն եմ անում, կգրեմ, հետո դատարանում կպարզես»։ Այսինքն՝ իշխանությունն ունի իրավական ու վարչական ճնշման այսպիսի լայն մեխանիզմներ»,- նշում է Աբրահամ Արտաշեսյանը։

Մյուս կողմից, ավագանու ընդդիմադիր հատվածն ունի որոշումների կայացումը արգելափակելու կամ քվորում չապահովելու հնարավորություն՝ պատճառաբանելով, թե քվեարկում է «իր խղճով»։

Արդյունքում ստեղծվում է քաղաքական փակուղի, որտեղ տեղական ինքնակառավարումը պարալիզացվում է, իսկ բուն համայնքային խնդիրները մնում են ետնապլանում։

Փորձագետները համակարծիք են․ առանց իրական ապակենտրոնացման, ֆինանսական անկախության և քաղաքացու ակտիվ մասնակցության, տեղական ինքնակառավարումը կշարունակի մնալ պետական իշխանության ստվերում, իսկ քաղաքական պայմանավորվածություններն ու ճգնաժամերը չեն ծառայի համայնքների զարգացմանը։

Ըստ փորձագիտական վերլուծության՝ տեղական ինքնակառավարումը չի կարող ծառայել որպես քաղաքական ամբիցիաների կամ վարչական ճնշումների բավարարման հարթակ։ Քանի դեռ համայնքի բնակիչները պասիվ դիրք են գրավում, ՏԻՄ համակարգը ենթարկվելու է վերևից եկող վարչական ազդեցություններին և ներսից արգելափակող քաղաքական կոնֆլիկտներին։ Ճգնաժամի հանգուցալուծումը մեկն է՝ վերադարձ ուղիղ ժողովրդավարության հիմունքներին և քաղաքացիների ակտիվ ինքնակազմակերպմանը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments