ՏԻՄ ընտրությունները Շիրակում․ անցած ընտրություններից մինչև նոր հնարավոր սցենարներ

ՏԻՄ ընտրությունները Շիրակում․ անցած ընտրություններից մինչև նոր հնարավոր սցենարներ

2025 թվականին Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քաղաքի կառավարման շուրջ քաղաքական և իրավական քննարկումները ոչ միայն չեն մարում, այլև ստանում են նոր երանգներ։ Սպասվում է, որ այս աշնանը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ, Աշոցք և Ամասիա համայնքներում․ սակայն դրան զուգահեռ՝ ակտիվորեն քննարկվում է նաև Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։

«Երկխոսություն» մեդիա կենտրոնում կազմակերպված հանրային քննարկման շրջանակներում ոլորտի առաջատար փորձագետներն ու պաշտոնյաները վերլուծել են ստեղծված իրավիճակը, ֆինանսական ռիսկերն ու իրավական հնարավոր լուծումները։ Քննարկման բանախոսներն էին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը։ 

Գյումրիում կա՞ կառավարման ճգնաժամ, թե՞ այն արհեստականորեն գեներացվում է

Գյումրու քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը գնահատելիս բանախոսների կարծիքները բաժանվեցին։

Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ՝ Գյումրիում առկա է ոչ թե բնականոն կառավարման ճգնաժամ, այլ քաղաքական լարվածություն, որն արհեստականորեն գեներացվում է իշխող ուժի կողմից։

«Տեսնում եմ, որ կա ոչ թե ճգնաժամ, այլ լարվածություն և ճգնաժամի գեներացում։ Տարօրինակ է․ ավելի լավ է ճգնաժամերը կառավարել, լուծել, քան դրանք գեներացնել։ Արդյո՞ք Հայաստանի պետական շահերից է բխում հանրապետության երկրորդ համայնքում լարվածություն ստեղծելը։ Այդ փոցխի վրա մեկ անգամ արդեն ոտք դրվել է, և այն ցավագին հարվածել է․ դա նախորդ արտահերթ ընտրություններն էին։ Նախորդի դառը փորձը ցույց է տալիս, որ դա լուծում չէր»,- նշեց Մարտիրոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ հասարակության լայն շերտերի ընկալումն էլ է այդպիսին, ինչն արտահայտվում է ընտրություններին ցածր մասնակցությամբ։ Ըստ նրա՝ բնակչության պասիվությունը նույնպես դիրքորոշում է, որով մարդիկ ցույց են տալիս, որ առճակատման գնացող, կանոններն անտեսող և անձերի պայքար մղող ուժերն իրենցը չեն։ Առկա քաղաքական ուժերն այդպես էլ չեն ներկայացնում քաղաքի զարգացման «սմարթ» ռազմավարություններ։

Արմեն Սմբատյանը հակադարձեց․ «Արդյունավետ կառավարման խնդիրը բոլոր երկրներում և համայնքներում էլ կա, և դա անընդհատ կատարելագործման կարիք ունի։ Գյումրիի պարագայում վերջին ընտրության և դրան նախորդող ընտրության միջև մասնակցության աճ կար։ Սա նշանակում է, որ քաղաքացին ցանկանում է և պատրաստ է մասնակցել տեղական ինքնակառավարմանը։ Սակայն խնդիրը կարող է լինել ինստիտուցիոնալ մակարդակում․ գուցե այն մոդելը, որն այսօր ունենք, դեռ բավարար չէ ընտրողին որոշումների կայացման մեջ լիարժեք ներգրավելու համար»։

Բնակչի և տեղական ինքնակառավարման կտրվածությունը

Աբրահամ Արտաշեսյանն իր խոսքում անդրադարձավ ամենացավալի իրողությանը՝ բնակչի և տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) միջև առկա խզմանը։

Նրա վերլուծությամբ՝ համամասնական ընտրակարգին անցնելուց հետո ՏԻՄ-ը փաստացի վերածվել է տարածքային կառավարման։

Ասում է, որ ընտրական օրենսդրությամբ կուսակցությունն ինստիտուցիոնալ առումով ազգային մակարդակի կառույց է։ Երբ կուսակցությունները մտնում են համայնք, համայնքի շահը թերագնահատվում է, և առաջնորդվում են ազգային, կուսակցական շահերով։

Արտաշեսյանը որպես ցուցիչ նշեց ՔՊ-ի օրինակը, որտեղ նախաքվեարկության (պրայմերիզ) արդյունքներն ու թեկնածուի ընտրությունը որոշվում են ոչ թե Գյումրիում, այլ Երևանի վարչությունում։ Նույն պատկերն է նաև մյուս կուսակցություններում․ թեկնածուների հարցը որոշվում է ամենաբարձր մակարդակում։

Եթե 1996թ․ միամանդատ համակարգով ընտրվում էին համայնքի երևելի դեմքերը, ապա այսօր կուսակցական ցուցակներով ընտրված ավագանու անդամը չի կարող դեմ գնալ իր կուսակցապետի հրահանգին (օրինակ՝ նիստեր սաբոտաժ անելու հարցում)։ Պայքարը գնում է ոչ թե համայնքի խնդիրների լուծման, այլ ազդեցության ցուցադրման համար։

Ֆինանսական ռիսկեր և կախվածություն կենտրոնից

Աբրահամ Արտաշեսյանը մտահոգիչ վիճակագրություն ներկայացրեց ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ։ Համայնքների ֆինանսական ապակենտրոնացումը գտնվում է ծայրահեղ ցածր՝ 8% մակարդակում․ սա նշանակում է, որ պետական բյուջեից հանրապետության բոլոր համայնքներին միասին հատկացվում է ընդամենը այդքան միջոց (մնացած 92%-ը ծախսվում է պետական բյուջեից)։

Բոլոր համայնքների սեփական եկամուտները միասին կազմում են պետբյուջեի ընդամենը 4%-ը, ևս 4%-ն ապահովվում է պետական դրամաշնորհների ու սուբսիդիաների հաշվին։

Սուբվենցիոն ծրագրերը (ասֆալտապատում, ջրագծերի անցկացում և այլն) ֆինանսավորվում են կենտրոնից, իսկ ավագանին դրանց վրա ունի նվազագույն ազդեցություն։ Համայնքային բյուջե փոխանցվող միջոցների վերահսկողությունն իրականացնում են մարզպետարանը, ՏԿԵՆ-ը և Կառավարությունը։

«Եթե Երևանը՝ որպես ամենաուժեղ համայնք, շնորհակալություն է հայտնում վարչապետին ավտոբուսներ գնելու համար, ապա Գյումրիի պես քաղաքում իշխանությունը ստիպված է համագործակցել իշխող կուսակցության հետ։ Ավագանու նիստերում քաղաքական դեբատները ֆինանսի հետ կապ չունեն․ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, մեկ է՝ պետական բյուջեից փոխանցվող միջոցները կախված են կենտրոնական իշխանության վերաբերմունքից»,- նշեց Արտաշեսյանը։

Ընտրությունների ծախսատարությունը և ժողովրդավարությունը

Ընտրությունների կազմակերպման ֆինանսական կողմին անդրադառնալիս Սեյրան Մարտիրոսյանը նշեց, որ ԿԸՀ-ն մեծ միջոցներ է ծախսում տպագրության, լոգոտիպերով հատուկ փաթեթների և ձեռնարկների վրա։ Ըստ նրա՝ հանրային միջոցները նորից արտահերթ ընտրությունների վրա ծախսելը պետք է լավ կշռադատվի, և պետք է առաջնորդվել ազգային ու պետական, այլ ոչ թե նեղ քաղաքական շահերով։

Արմեն Սմբատյանը, հակադարձելով Ս․ Մարտիրոսյանին, պարզաբանեց, որ վիզուալիզացիայի, լոգոտիպերի և տեսահոլովակների մեծ մասն իրականացվում է միջազգային դոնորների միջոցով, ինչը նաև քաղաքացիական կրթության բաղադրիչ է։ Ըստ նրա, ժողովրդավարությունը ոչ մի երկրում էժան չէ, սակայն Հայաստանում ընտրությունները բավականին էժան են այլ երկրների համեմատ։ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով։ Եթե անհրաժեշտ է ընտրել ընտրովի մարմին, պետությունը պետք է դնի անհրաժեշտ միջոցները։

Իրավական մեխանիզմներ և փակուղուց դուրս գալու ուղիներ

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ այս պահին օրենքով արտահերթ ընտրությունների գնալու իրավական հնարավորություն չկա․ ՏԻՄ օրենքում հստակ նշված են բոլոր այն սցենարներն ու հիմքերը, որոնց դեպքում կարող են նշանակվել արտահերթ ընտրություններ (օրինակ՝ երբ ավագանու նիստերը որոշակի ժամկետում չեն կայանում քվորումի բացակայության պատճառով)։

Սեյրան Մարտիրոսյանն առաջարկեց մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ․

  • Համամասնական ընտրակարգում թույլ տալ, որ նույնիսկ 1% ձայն հավաքած ուժերը ներկայացված լինեն ավագանիում, ինչը կապահովի բազմակարծություն։
  • Խոշորացված համայնքներում (որտեղ ընդգրկված են տասնյակ բնակավայրեր) ունենալ երկպալատ ավագանի, որտեղ յուրաքանչյուր բնակավայր կունենա իր անմիջական ներկայացուցիչը՝ կանխելով կենտրոնացումը համայնքի կենտրոնում։

Աբրահամ Արտաշեսյանն ընդգծեց, որ համայնքը լավագույն հարթակն է ուղիղ ժողովրդավարության համար։ Եթե բնակիչներին դուր չի գալիս ստեղծված վիճակը, պետք է ներքևից ինքնակազմակերպում լինի։ Եթե պահանջը ներքևից չի գալիս, հարցը լուծվում է վերևներում՝ քաղաքական դաշտում, որտեղ իշխանությունն օգտագործում է իր իրավական ու վարչական լծակները, իսկ ընդդիմությունը՝ նիստերն արգելափակելու մարտավարությունը։

Սեյրան Մարտիրոսյանի խոսքով՝ լուծումն այն է, որ տարբեր թեմաներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, բնակիչների հետ անցկացվեն հանրային լսումներ ու քննարկումներ, որոնց ընթացքում քաղաքացիները կկարողանան հայտնել իրենց կարծիքը։ Ընդ որում, այդ քննարկումները չպետք է լինեն ձևական (1 օր՝ 2 ժամով), այլ պետք է ապահովեն լայն մասնակցայնություն և բնակչության իրական ներգրավվածություն։

«Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը ցույց տվեց, որ Գյումրիում և Շիրակի մարզում ՏԻՄ համակարգի առջև ծառացած խնդիրները խորքային են։ Արտահերթ ընտրություններն ինքնին հարցի լուծում չեն, եթե չկան ֆինանսական ապակենտրոնացում, ընտրական օրենսդրության բարելավում և համայնքի բնակչության իրական ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացում։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments