«Ավետիսյանների ժառանգները պահանջում են վերանորոգել հայրական տունը»

Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունից 6 տարի է անցել: Կորստյան վիշտն ու ցավը դեռ չեն ամոքվել: Հարազատներից զրկված քույրերն ամեն տարի նույն այսօրը գալիս են հայրական տուն, բացում լքված ու ավերված կառույցի դռներն ու կրկին վերապրում նույն սարսափելի մղձավանջը:
Ավետիսյանների դուստրերը շարունակում են պնդել, որ մինչ օրս սպանության գործը լիարժեք բացահայտված չէ: Հարազատներն այսօր էլ դեպքը որակում են, որպես առեղծվածային սպանություն:
Ինչուների շարքը դեռ երկար կտանջի ռուս զինվորականի ձեռքով սպանված Ավետիսյանների հարազատներին, բայց վերջիններս չեն դադարում հավատալ, որ մի օր իսկապես կբացահայտվի ճշմարտությունը:
Իրավահաջորդները Եվրոդատարան 4 տարի առաջ դիմել են, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան դեռ չեն ստացել, անգամ վստահ չեն, որ գործը վարույթ է ընդունվել, ուստի մտադիր են միջոցներ գտնելու դեպքում բոլոր փաստաթղթերն ապացույցների հետ անձամբ հասցնել եվրոպա:
Գյումրիում ռուսական ռազմաբազայում ընթացած դատավարությունն ըստ էության չտվեց այս հարցերի պատասխանը, կարծում են հարազատները, հետևաբար ցանկություն ունեն գործը կրկին վերաբացել:
Ճշմարտությունը բացահայտելուց բացի, Ավետիսյան քույրերը մեկ այլ պահանջ էլ ունեն
Տարիների ընթացքում տունը քայքայվել է, շարքից դուրս է եկել տանիքը, փտել են հատակի տախտակները, ինչը հնարավորություն չի տալիս անգամ ներս մտնել: խնդիրը կարգավորելու համար աղջիկները բազմից են դիմել տարբեր ատյաններին:
Քանի դեռ դեպքը թարմ էր, մեզ քչից շատից հիշում էին, վրդովված հայտարարում են Ավետիսյանների ժառանգները, բայց հիմա իրենց անտեսված են զգում:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com