Սահմանների որոշման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ Արման Թաթոյանի` այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:ՄԻ պաշտպանը հաղորդագրությամբ ներկայացրել է, որ իր այս հետևությունը հիմնված է մի քանի գործոնների վրա, ինչպես օրինակ` ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո, «Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը»: Ըստ ՄԻՊ-ի` Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով: Բացի այդ, ինչպես շեշտում է Արման Թաթոյանը, սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: «Լրջորեն վտանգվել են մարդկանց կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքներ: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխայի լավագույն շահը:Սահմանների որոշումը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մեր երկրի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի ու ցեղասպանության բացահայտ սպառանալիքների ներքո, հետևաբար՝ հակասում է իրավունքի գերակայության հիմքերին ու չունի որևէ լեգիտիմություն», – նշում է նա:
Աղբյուր՝
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com