Կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստն է անցկացրել
Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստ է գումարել ։ Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախ կոչ է արել ձևավորել գործընկերային, համագործակցային միջավայր և ցուցաբերել հանդուրժողականություն այլ կարծիքների, մոտեցումների նկատմամբ։ «Գործընկերային, համագործակցային միջավայրում կարող ենք արդյունավետ աշխատել, բնականաբար, բաց, թափանցիկ, հրապարակային։ Կոչ եմ անում հանդուրժողականության այլ կարծիքների, այլ մոտեցումների հարցում», – ասել է Խաչատրյանը։ Հանձնաժողովն այսօր հիմնականում ընթացակարգային հարցեր է քննարկել։ Խաչատրյանը նշել է, որ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է հերթական և արտահերթ նիստերի միջոցով և առաջարկեց հիմնական նիստերը գումարել երեք շաբաթը մեկ։ Նշենք, որ հանձնաժողովը բաղկացած է 12 հոգուց․ 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկուական ներկայացուցիչ ունեն։ Հանձնաժողովը կուսումնասիրի նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com