Սյունիքի վիճելի համարվող տարածքների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. «Իմ քայլը» պնդում է, ընդդիմությունը՝ կասկած հայտնում

Խորհրդարանական մեծամասնությունը պնդում է` Սյունիքի վիճելի համարվող տարածքների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ընդդիմությունը համոզված է՝ փաստերն այլ բանի մասին են խոսում: Այսօր` փետրվարի 12-ի խորհրդարանական ճեպազրույցներին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու Հայկ Գևորգյանը պնդել են` որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել, որը վերաբերում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին: Ընդդիմադիր որոշ գործիչներ փաստաթղթեր են հրապարակել, որում անդրադարձ կա հատվածին, այս մասին Գաբրիելյանն ասում է` դրանք մտացածին են: Ցանկացածը կարող է նման փաստաթուղթ սարքել և հրապարակել, այնտեղ չկա որևէ ստորագրություն: «Ի՞նչ է այդ փաստաթուղթը. Ա-4 ֆորմատի վրա համակարգչով հավաքած տեքստ է, որի մեջ ինչ ասես գրում են ու տարածում որպես 100%-անոց ճշմարտություն: Թղթեր են պարզապես, որը համակարգչից յուրաքանչյուր օգտվող կարող է սարքել»,- ասել է Գաբրիելյանը` հիշեցնելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին վստահեցրել է` չկա որևէ այլ փաստաթուղթ, որի մասին հանրությունը տեղյակ չէ:Գաբրիելյանը չի հերքել` վերջին իրադարձությունների պատճառով սյունեցիները անհանգստանալու առիթ ունեն, 25-30 տարի այլ վիճակ էր, հիմա` այլ, և կարող է իր մոտ անհանգստություն առաջացնել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իշխանությունից պահանջում է հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչի մասին է խոսքը:«Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, միայն տեքստն է, չկա ստորագրություն հայկական կողմից, չգիտենք ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է»,- ասել է նա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով` հիմնավոր կասկած ունեն, որ այդ փաստաթուղթը բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է, միգուցե` չստորագրված: Մարուքյանը հիշեցրեց, որ սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր է՝ տարածվում է այդ տեքստը, սակայն իշխանությունից որևէ արձագանք չկա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այն կարծիքին է, որ նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի կարծես թե շարունակությունն է լինում, և կրկին տարածքներ ենք կորցնում: Իվետա Տոնոյանն ընդգծել է` իշխանությունն այն ջանասիրությամբ, որ անդրադառնում է ընդդիմությանը, լավ կլիներ նույն ջանասիրությամբ անդրադառնար մամուլում երեք օր տարածվող փաստաթղթին, որը վերաբերում է Սյունիքի տարածքային ամբողջականությանը:Տոնոյանը հիշեցրել է` վարչապետն անգամ գողացված օծանելիքի ու ժամացույցի մասին էր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես գալիս, սակայն նման կարևոր հարցի անդրադարձ չկա: Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հավելեց` շարունակում են ողջամիտ կասկած ունենալ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ գոյություն ունի հավելված:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments