Այսօր լրանում է Մարտի 1-ի ողբերգության 13-րդ տարին
Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 13 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն: Նշենք, որ ամեն տարի այս օրը Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ է անցկացվում Երևանում։ Նախորդ տարի, սակայն, երթը չեղարկվեց՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի վարչապետը հրավիրել է է հանրահավաքի և երթի: «Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի», – ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» ևս, այսօր ժամը հանրահավաք է հրավիրել՝ Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի դիմաց:
Աղբյուր՝ https://dialoguemc.am/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com