ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Նշվում է, որ ավելի քան 100 օր անց անընդունելի է դեռ ռազմագերիներին պահելը: Բանաձևին աջակցություն է հայտնել Կոնգրեսի 31 ներկայացուցիչ: «Ադրբեջանը մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի վայրագությունների համար, և սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գերիների վերադարձը: Բանաձևում նշվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել բոլոր գերիներին, ու թեպետ Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտականությունը, Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերի պահելու իր ցանկությունը: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ պետքարտուղարությանը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, աշխատել Ադրբեջանի հետ՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր է հավատարիմ մնալ սեփական պարտավորությունների կատարմանը՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային իրավունքի՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»:
Աղբյուր՝ https://cutt.ly/Cz3YRtI
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com