Ուղերձի նախագիր
17 (19) հուլիսի, 2021 թ.
Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին
Պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին
ՀՀ Ազգային ժողովը 2021թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Այս փոփոխությամբ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափն հնգապատկվել է եւ նախկին 50.000 դրամի փոխարեն դարձել է 250.000 դրամ:
Օրենքի նախագծում այդ փոփոխությունը հիմնավորվում է պետության՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցմամբ եւ ըստ այդմ՝ Ազգային Ժողովի, ինչպես նաեւ պատգամավորների լիազորությունների եւ գործառույթների շրջանակի ընդլայնմամբ: Ըստ հիմնավորման, ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների եւ լիազորությունների պատշաճ իրականացմանը:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վերլուծելով այս փոփոխությունն ու դրա հրապարակված հիմքերը, հայտարարում ենք.
Ա.
Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված հնարավոր ծախսերի չափի ավելացման կարիքը պատշաճ հետազոտված եւ ուսումնասիրված չէ, այսինքն հիմնավոր չէ, դա արվել է կարիքի մասնավոր եւ կամայական գնահատականի հիման վրա:
Բ.
Այսպիսի ավելացումը այս ձեւով իրականացնելը եւ ապա բյուջեի միջոցները այդ նպատակով հնգապատիկ առավել ծախսելը ռիսկային են արդյունավետության եւ կոռուպցիայի տեսանկյունից:
Գ.
Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներից վերոհիշյալը համարելով ոչ հրատապ, բայց կարգավորման համար կարեւոր, պնդում ենք, որ իշխանությունը երկրի համար այս բարդ եւ ծանր ժամանակահատվածում պարտավոր է հանրային հաշվետվողականության բարձր մակարդակ ապահովել, հանրային վստահությունը չչարաշահել եւ լրացուցիչ խնդիրներ չհարուցել:
Այս ուղերձով, դիմելով ԱԺ այս գումարման եւ հաջորդ գումարման խորհրդարանին եւ յուրաքանչյուր պատգամավորի, առաջարկում ենք վերանայել այդ փոփոխությունը հաշվի առնելով հետեւյալ պայմանները.
Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցումը.
1. Չի կարող լինել բոլոր պատգամավորների համար համահավասար, որովհետեւ պատգամավորները, կաշկանդված չլինելով հրամայական մանդատով, ազատորեն են իրականացնում իրենց լիազորությունները եւ, ենթադրաբար, իրենց պարտականությունները կատարելու համար ծախսում են տարբեր չափերի դրամական միջոցներ:
2. Չի կարող լինել օրենքով հաստատված գումարի չափ, այլ պետք է լինի այնքան, որքան ծախսում է պատգամավորը իր պարտականությունները կատարելու համար: Միաժամանակ պետք է լինի ամսական ծախսերի առավելագույն չափ:
3. Պետք է լինի կատարված ծախսերը հաստատող ֆինանսական փաստաթղթերի հիման վրա, այդ թվում՝ գնումները վկայող ՀԴՄ կտրոնների, պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի, եւ այլն:
4. Պետք է լինի 3-րդ կետում հիշատակված ֆինանսական փաստաթղթերի եւ պատգամավորական գործունեության շաղկապվածության հիմնավորմամբ, եւ հստակ երեւա, թե որ ծախսը ինչ գործողության համար է իրականացվել:
5. Պետք է լինի ոչ թե օրենքով սահմանված առավելագույն չափով, այլ այնքան՝ որքան հիմնավոր է այս առաջարկության 3-րդ եւ 4-րդ կետերի պարտադիր համակցությամբ:
6. Պետք է ներառի միայն այն ծախսատեսակները, որոնք կսահմանվեն օրենքով: Օրինակ՝ տրանսպորտային ծախս, բենզինի ծախս եւ այլն, եթե այդ ծախսերը չեն նախատեսվում ԱԺ բյուջեով: Այդ ծախսերը չեն կարող ներառել պատգամավորների հնարավոր անձնական բարեգործական ծախսերը:
7. Պետք է լինի պատգամավորի բարեխղճության, պարտաճանաչության, բարեվարքության եւ ծախսերի ու ըստ այդմ կատարված գործողությունների ողջամիտ համակցվածության դեպքում:
Վերոհիշյալ դրույթները պետք է արտացոլվեն «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում եւ փոփոխվեն միայն օրենքով:
Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպությունների համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնում հանրային շահի գերադասմամբ, անվարձահատույց կերպով փորձագիտական օժանդակություն ցուցաբերել իշխանություններին վերոհիշյալ խնդրի լուծման համար: Ակնկալում ենք ՀՀ Ազգային Ժողովի արձագանքն այս ուղերձին, բայց անկախ այդ արձագանքից` հայտարարում ենք, որ մենք բոլոր օրինական ջանքերը ներդնելու ենք վերոհիշյալ խնդիրը հետևողականորեն լուծելու համար:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
Աղբյուր՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10226080571790214
© dialoguemc.am Freedom of speech & Pluralis
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com