Պարգևատրումներ, խոնարհում և աղոթք. Գյումրիում նշվեց Անկախության 30-րդ տարեդարձը
Անկախության տոնի առիթով Գյումրում մասսայական միջոցառումներ նախատեսված չէին: Օրը մարզային ու քաղաքային կառույցների ներկայացուցիչները մեկնարկեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն այցով:
«Այսօրը պանթեոնի այցով մեկնարկելը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Մենք ապրում ենք ազատ ու անկախ երկրում այս հերոս հայորդիների շնորհիվ, նրանց արյամբ ու անձնազոհության արդյունքում կա Հայաստանի Հանրապետությունը։ Անկախությունը բացառիիկ արժեք է և մենք պարտավոր ենք պահել ու պահպանել այն, աշխատել, արարել ու հզորացնել մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Անկախության տոնի առիթով պարգևատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակիցներն ու պատերազմի օրերին նշանակալի ներդրում ունեցած անձինք:
Ձիթողցյանների բակում «Անկախ հայրենիքիս հետ» խորագրով միջոցառման ժամանակ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 44-օրյա պատերազմին մասնակցության, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի, զորահավաքային զորակոչի միջոցառումների ընթացքում ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի և արդյունավետ համագործակցության համար պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց համայնքապետերի, կրթության ոլորտի և ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչների։
«Մեր երկիրը շատ բարդ ու փորձություններով լի ճանապարհ է անցել անցած 30 տարիների ընթացքում, բայց այդ փորձությունները մեզ կոփել են, վստահություն են ներշնչել, որ անկախ ու ազատ երկրում ապրելն այլընտրանք չունի։ Ես խոնարհվում եմ անկախության ու հայրենիքի պաշտպանության համար կյանքերը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակի առջև, վերջին պատերազմը ևս բացառություն չէր, անկախությունը կարողացանք պահել կյանքերի գնով, արյան գնով։ Եվ հիմա, առավել քան երբևէ մենք պետք է հավատարիմ մնանք նրանց հիշատակի, նրանց անգնահատելի գործի առաջ, պետք է ապրենք նրանց հիշելով ու համոզված եմ՝ մեր սերունդներն էլ են գիտակցելու այդ անգնահատելի զոհաբերությունը, որի շնորհիվ կա մեր երկիրը, իսկ այդ զոհաբերությանն արժանի լինելու համար պետք է ապրել ու լուսավոր ապագայի համար արարել անտրտունջ ու միասնական»,-ելույթի իր խոսքում ասաց մարզպետը։
Գյումրու քաղաքապետարանի կողմից հուշանվերներով ու պատվագրերով պարգևատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակից զորացրված տղաները:
«Պետք է հիշենք ու շնորհակալ լինենք պատերազմի մասնակից բոլոր տղաներին: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է այնպես աշխատի ու արարի, որ ձեր ու ձեր արածի նկատմամբ կարողանանք մեր պարտքը տալ»,- ասաց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com