Հովհաննես Հարությունյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից
Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հարցը ներառված է եղել Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում: Ավելի ուշ Հովհաննես Հարությանը հանդես է եկել ասուլիսով՝ շնորհակալություն հայտնելով համանքների ղեկավարներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, զանգվածային լրատվամիջոցներին արդյունավետ համագործակցության համար: Հիշեցնենք, որ Հարությունյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հունվարի 21-ին: Նա հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզպետի պաշտոնից հրաժարվելու մասին բոլորն էլ պետք է ենթադրեին, երբ համաձայնել էր գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտարական ցուցակը Գյումրու ավագանու ընտրություններում, ինչ վերաբերում է նոր աշխատանքի անցնելուն, ապա նշել է, որ վերջնական որոշում լինելու դեպքում դրա մասին կտեղեկացնի նաև հանրությանը։ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ չի փոշմանել նախընտրական պայքարին մասնակցելու համար, վստահեցնում է՝ անմիջական շփումներից առկա խնդիրների մասին առավել հիմնավոր է տեղեկացվել։ Շիրակի նոր մարզպետ Նազելի Բաղդասարյանի նշանակվելուն և կին մարզպետ ունենալուն վերաբերող հարցին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է՝ վստահ է, որ պաշտոնի ծանրությունը գիտակցելով է նա աշխատանքի անցնելու․ «Ես կարծում եմ , որ Նազելի Բաղդասարյանն ունի բավականաչափ գիտելիք ու քաղաքական կամք, կառավարչական հմտություններ և կկարողանա հաջողել այս պաշտոնում, իսկ դրանից կշահի պետական համակարգն ու Շիրակի մարզը»։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com