Բնակֆոնդի ապահովման նոր ծրագրեր կան. փոխվարչապետ
Բնակֆոնդի ապահովման նոր ծրագրեր կան. փոխվարչապետ Երկրաշարժի 33-րդ տարելիցի օրը Գյումրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները, հարյուրավոր գյումրեցիներ ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Այնուհետև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հոգեհանգստի կարգ է մատուցվել անմեղ զոհերի հիշատակին: «Երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում դեռ անելիքներ կան»,-լրագրողների հետ զրույցում նշել է նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե երկրաշարժից 33 տարի անց դարձյալ օրակարգային է Գյումրիում անօթևանության հիմնախնդիրը, ենթակառուցվածքների վերանորոգումը: Նա նշել է, թե վերջին երեք տասնյակ տարիների ընթացքում աղետալի երկրաշարժի հետևանքները դեռ չեն վերանում քաղաքից և առհասարակ աղետի գոտուց, բայց վերջին տարիների ընթացքում քաղաք Գյումրիում, Շիրակի մարզում, Լոռիում իրականացվել են մի շարք ծրագրեր։ Նախատեսված է, որ 2022 թվականին դրանք ունենալու են շարունակական բնույթ: «Շիրակի մարզում այս երեք տարիներ 8 միլիարդ դրամի շրջանակներում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր»,-ասել է փոխվարչապետը: Նա նշել է, որ սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են կառավարության համաֆինանսավորմամբ, մոտ 60 տոկոսը՝ բյուջեի հաշվին։ Իսկ կառավարության ուղղակի ֆինանսավորմամբ իրականացվում են փողոցաշինական, ջրագծերի փոփոխման աշխատանքներ, լուսավորության խնդիր է այս պահին լուծվում։ «Պետք է ևս մենք անգամ պարտավորվենք, որ առաջիկա տարիների ընթացքում անելու ենք հնարավորինս, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում՝ հատկապես երկրաշարժի հետևանքով ծառացած խնդիրները»,- հավելել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ վստահեցնելով, որ բնակարանաշինական խնդիրների հետ կապված ծրագրերի մասին ավելի ստույգ կհայտարարվի առաջիկայում՝ ՀՀ կառավարության՝ ՀՀ քաղաքաշինական կոմիտեի հետ նախատեսվող նիստից հետո: «Բնակֆոնդի ապահովման համար նախաձեռնած ծրագրեր կան՝ 2021-2022 թվականներին»,- ընդգծել է փոխվարչապետը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com