Նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվել է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Նախքան օրակարգային զեկուցվող հարցերի քննարկումը՝ փոխվարչապետն անդրադարձել է կենսաթոշակների և նպաստների չափերի բարձրացմանն ուղղված որոշմանը, որը ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում: Այսպիսով՝ գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով կապահովվի կենսաթոշակների և նպաստների չափերը 3000 դրամով ավելացումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2022 թ. սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության (բացառությամբ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նշանակված), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) չափերը սահմանել 31600 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 46000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 36000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը՝ 33000 դրամ։« Գործող բանաձևով և օրենքով կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան 3000 դրամը, և մենք որոշեցինք, որ բարձրացնենք նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31 հազար 600 դրամ, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները սեպտեմբերի 1-ից մեր խոստացած 3000 դրամը կստանան: Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուի և 5186 զինկենսաթոշակառուի և շուրջ 75 000 նպաստառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները: Այսինքն՝ մինչև այս որոշումը այն խումբը, որը սահմանված օրենքով ու բանաձևով 1900 կամ 2500 դրամ բարձրացում ուներ, մնացած հատվածը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա»,- պարզաբանել էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 1-ից 97 հազար շահառուի համար կբարձրանան կենսաթոշակն ու նպաստը. բարձրացածը կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com