Գյումրիում գործարան կկառուցվի՝ մինչեւ 1000 աշխատատեղով

Գյումրիում գործարան կկառուցվի՝ մինչեւ 1000 աշխատատեղով Գյումրու ավագանին այսօր միաձայն քվեարկությամբ համաձայնություն է տվել Գյումրու համայնքապետարանի եւ «ԱՄՍՏԱԼ» ՍՊԸ կողմից հուշագիր ստորագրելուն։ Ընկերությունը նպատակ ունի Գյումրու տարածքում ստեղծել գործարանային կոմպլեքս, որտեղ արտադրվելու են արագ կառուցվող կառույցների շրջանակների համար անհրաժեշտ պողպատացինկային պրոֆիլի շինարարական բոլոր նյութերը, ինչի շնորհիվ հնարավորություն կստեղծվի անհամեմատ մատչելի արժեքներով կառուցել բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և ցանկացած այլ տեսակի շինություններ նաև նպաստելով Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը: Համայնքապետարանն, ըստ հուշագրի, աջակցելու է Ընկերության նախաձեռնությանը և պատրաստակամ է ծրագրի իրականացման համար տրամադրել հողատարածք 50 տարի ժամկետով: Գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով՝ հողատարածք դեռեւս չի տրամադրվել, բայց տարածքն արդեն ընտրվել է, գործարան կոմպլեքսը լինելու է քաղաքի Մսի կոմբինատ թաղամասում։ «ԱՄՍՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ըստ հուշագրի, պարտավորվում է իրականացնել 6 մլրդ 150 մլն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր և ստեղծել մինչեւ 1.000 աշխատատեղ՝ արտադրության և շինարարական ծառայությունների ոլորտում:Ներդրումային ծրագրի առաջին փուլը (գործարանի կառուցում, արտադրանքի թողարկում) նախատեսվում է իրականացնել 3 ամսում: Գործարանի կառուցումից շուրջ 9 ամիս հետո նախատեսվում է ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի արտադրություն: Այսօր ավագանու մեկ այլ որոշմամբ՝ համայնքի սեփականություն հանդիսացող Մովսես Խորենացի փողոց թիվ 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքից մեկ սոցիալական բնակարան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է քաղաքացի Լուսիկ Խաչատրյանին։ Բնակարանն ազատվել էր նախորդ շահառուի մահվան հիմքով։ Նույն հասցեում, ավագանու որոշմամբ , մեկ սոցիալական բնակարան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է մոր եւ դստեր՝ Գոհարիկ Աթոյանին եւ Տաթեւիկ Ջանոյանին։ Նրանք ապրում էին Գյումրու ավտոկայան տնակային պայմաներում՝ ծայրահեղ ծանր իրավիճակում։ Գյումրիում սոցբնակարանները կառուցվել են համայքնապետարան-«Առդա» բարեգործական հիմնադրամի (հիմնականում ամերիկահայերի հանգանակությամբ) համատեղ ֆինանսավորմամբ։ Տնակային պայմաններում գործող Գյումրու համայնքային ենթակայության «Ծիածան» մանկապարտեզին էլ ավագանին որոշել է հատկացնել 350 հազար 200 դրամ՝ որպես նվիրատվություն, էլեկտրական ներքին ցանցի հաղորդալարերի փոխարինման նպատակով։ Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Ս.Շահումյան փողոց N 296 հասցեի 712,79 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված բնակավայրերի նպատակային նշանակության հողերի, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,239645 հեկտար մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով 23 տարի ժամկետով Ավագանին տրամադրել է «Սուրբ Մարիամ» մանկապարտեզին։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments