Կառավարությունը 508 մլն ՀՀ դրամ է հատկացրել՝ Հայաստանի 7 մարզում 21 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունը որոշում է ընդունել 2022թ. բյուջեից ՀՀ մարզպետարաններին 508,222.1 հազար ՀՀ դրամ հատկացելու վերաբերյալ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման նպատակով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ 7 մարզերի 20 բնակավայրում 21 ծրագրերի իրականացման համար, այն է՝ Արագածոտնի մարզ՝ 3 ծրագիր, 28 մլն ՀՀ դրամ, Արարատի մարզ՝ 2 ծրագիր, 91 մլն ՀՀ դրամ, Արմավիրի մարզ՝ 1 ծրագիր, 6 մլն ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 7 ծրագիր, 168 մլն ՀՀ դրամ, Լոռու մարզ՝ 5 ծրագիր, 107 մլն ՀՀ դրամ, Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 74 մլն ՀՀ դրամ, Շիրակի մարզ՝ 1 ծրագիր, 32 մլն ՀՀ դրամ: Նախարարը նշել է, որ նշված գումարի շրջանակում ֆինանսավորվելու են նաև 2022թ. հաստատված և արդեն ավարտված ծրագրերը հետևյալ բնակավայրերում՝ Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, Շամիրամ համայնքի մի շարք փողոցների ասֆալտապատում, Արագածավան համայնքի Արագածավան բնակավայրի լուսավորության ցանցի անցկացում, Արարատի մարզի Այնթափ բնակավայրի փողոցների ասֆալտապատում, Մասիս քաղաքի Հերացի և Հանրապետության փողոցների ասֆալտապատում, Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի մի շարք թաղամասերի, ջրագծերի և ներքին ցանցերի նորոգում, Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգում և խաղահրապարակի կառուցում, ինչպես նաև մի շարք այլ ծրագրեր: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին ի պատասխան ՏԿԵ նախարարը հայտնել է, որ 2022թ. համար ընդհանուր աշխատանքների բյուջեն կազմում է 18 մլրդ ՀՀ դրամ, որից 324 ծրագրի համար Կառավարությունն իր մասնաբաժինն արդեն ֆինանսավորել է՝ 9 մլրդ 260 մլն ՀՀ դրամի չափով, իսկ եթե մարզերը 18 մլրդ ՀՀ դրամից ավելի ծրագիր կիրականացնեն, կկատարվի վերաբաշխում: 2021թ. հաստատված ծրագրերից ավարտվել է 551 ծրագիր, որոնք իրականացվել են և՛ 2021թ., և՛ 2022թ.: Գնել Սանոսյանը նշել է, որ հաշվի առնելով սուբվենցիոն ծրագրերի ծավալի մեծացումը՝ պետական բյուջեում ավելացել է դրանց համար հատկացվող գումարի չափը. 2023թ. համար նախատեսվել է 22 մլրդ ՀՀ դրամ:
Աղբյուր՝ https://www.gov.am/am/news/item/15379/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com