ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է Հայաստանում դիտորդական առաքելության տեղակայումը
ԵՄ Խորհուրդն այսօր որոշել է կառույցի 40 մոնիթորինգային փորձագետների տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի դիտարկման, վերլուծության և արդյունքների վերաբերյալ զեկուցելու նպատակով: Նշվում է, որ այս որոշումը հետևում է հոկտեմբերի 6-ին վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը և նպատակ ունի նպաստել տարածքում խաղաղության ու անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։ «ԵՄ-ն տեղակայում է 40 մոնիթորինգային փորձագետների Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին, որի նպատակն է վստահություն ստեղծել անկայուն իրավիճակում, որը վտանգի տակ է դնում կյանքը և վտանգում հակամարտության կարգավորման գործընթացը: Սա ևս մեկ ապացույց է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին ԵՄ լիակատար հանձնառությանը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Մոնիթորինգի արագ տեղակայման ապահովման համար որոշվել է ժամանակավոր տեղակայել Վրաստանում գտնվող ԵՄ մոնիթորինգային առաքելության փորձագետներին։ Նշվում է, որ դիտորդական առաքելությունն ունենալու է ժամանակավոր բնույթ և երկու ամսից ավելի չի տևելու։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com