Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է․ Փաշինյան
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության «ուղղակի և կոպիտ» ոտնահարման մեջ։ Շեշտելով, որ Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքն, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը, վարչապետը դրանք սադրիչ գործողություններ է որակել, որի հետևանքով, ինչպես Փաշինյանը շեշտել է, Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում, առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկվել են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։ «Հազարավոր մարդիկ շրջափակման մեջ փաստացի հայտնվել են պատանդի կարգավիճակում», – ասել է Հայաստանի գործադիրի ղեկավարը՝ շեշտելով ․ – «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել, ընդ որում այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով»։ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն նոյեբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում, ըստ վարչապետի, նման բան չի ենթադրում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ «Բնականաբար, անհեթեթ և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկին», – ասել է գործադիրի ղեկավարը՝ վերահաստատելով՝ Հայաստանը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը՝ հիշեցնելով՝ այդ կետը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Այսօր, ըստ Փաշինյանի, Հայաստանի հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների քրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը։ «Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային քաղաքական գնահատականի արժանանա», – նշել է վարչապետը։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը՝ միևնույն ժամանակ տարօրինակ համարելով «մի շարք բարեկամ երկրների լռությունը»։
Աղբյուր` https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2022/12/15/Cabinet-meeting-Speech/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com