Կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցողների շրջանակը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և տարածաշրջանային իրավիճակին:Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մինչ այդ ծրագրի շահառուների շրջանակը լայն չէր. նախապատվությունը տրվում էր զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։ «2020 թվականին մեկնարկած «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Նոր նախագծով առաջարկվում է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» անկախ բնակության վայրից, սոցիալական կարգավիճակից, ամուսնական կարգավիճակից՝ բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան հաղթահարել անպտղությունը»,- ասել է նախարարը։ Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ ծրագիրը շատ սպասված է. կան դիմումներ և ծրագրի ընդլայնման շրջանակում կկարողանան բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջները։ Ըստ նախարարի՝ այս պահին կա առաջնային անպտղության ցուցանիշների նվազում, իսկ երկրորդային անպտղության ցուցանիշների՝ աճ։ Հնարավորություն կտրվի նաև սահմանամերձ բնակավայրերի այն քաղաքացիներին, ովքեր ունեն մեկ երեխա և երկրորդային անպտուղություն ունեն, շահառու դառնալ և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ կրկին երեխաներ ունենալ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com