ՊԲ զինծառայողը վարձատրության դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին է հանձնել ռազմական գաղտնի տեղեկություններ․ ԱՀ ԱԱԾ
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտել։ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ: «Վերջինս, իր հանցավոր գործունեությունն իրագործելով, հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իր ծառայության վայրի, ստորաբաժանման ուղղվածության, տեսակի և քանակի, առկա զինատեսակների, հրամանատարական կազմի, մարտական դիրքերի և մարտական հերթապահության վերաբերյալ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հայտնում են, որ հիշյալ անձին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորել է ԱՀ քաղաքացիներին օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին՝ ԱՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com