Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներ կանցկացվեն. ՀՀ կառավարություն

Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից էլ տրանսպորտային միջոցներ կներգրավվեն։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Հավաքներին կմասնակցի մինչև 3 հազար 281 քաղաքացի, 2 հազար 897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով, յուրաքանչյուրը ոչ ավելի, քան 25 օրով։ ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մարզերին հատկացվել է 1 մլրդ 412 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Գործադիրը 1,412,571.9 հազար դրամ է հատկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: 2022 թ. քննարկվել և հավանության են արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր:Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021 և 2022 թթ. հաստատված և հիմնականում ավարտված սուբվենցիայի 25 ծրագրերը, որոնք իրականացվել են 17 համայնքներում: 25 –ից 19-ը 2022 թվականի ծրագրեր են: Փոխվարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում կառուցվել է 3730 քմ մակերեսով պուրակ, Գյումրի համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա, Շիրակ բնակավայրում կառուցվել է 2 խմբասենյակով 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, Գյումրի համայնքին պատկանող շենքերի, շինությունների վրա տեղադրվել է 49 արևային համակարգ, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրում իրականացվել են վարչական շենքի և նախակրթարանի վերանորոգման աշխատանքներ, հիմնանորոգվել է Գորայք բնակավայրի «Սպիտակ տուն», «Ծաղկունք» աղբյուրներից սնող ջրագծի խողովակաշարը, Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանապահ Չինարի, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Այգեձոր և Չորաթան բնակավայրերում կառուցվել է գիշերային լուսավորության ցանց, մասնակի վերանորոգվել են Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բագրատաշեն և Կողբ բնակավայրերի մշակույթի տները: Գործադիրը հաստատել է նաև Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Այն պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի հետևողականորեն ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Ըստ հիմնավորման՝ ԱՀԱ-ի կառավարման նպատակով ԱՀԱ-ի ներդրման նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ: Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2023 թվականին առաջին փուլում կհաստատվի ծառայությունների փաթեթը, որն արդեն իսկ մշակվել է: «Կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք: Կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափը: 2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց մատուցվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կնպաստի, որ չունենանք խառը, մասնատված համակարգ: 2024 թվականին կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակում ներառել նաև այլ ցանկացողների: 2025 թվականին պետության կողմից կներառվեն թոշակուռները՝ որպես ևս մի կարևոր պաշտպանության խումբ և պետության հոգածության շրջանակ, և նրանք նույնպես կօգտվեն ապահովագրական փաթեթի ամբողջ ծառայություններից: Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակում քաղաքացիների ներառումը մեր ֆոնդի շրջանակներում: 2027 թվականից կունենանք պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար»,-ասել է նախարարը:Անահիտ Ավանեսյանի դիտարկմամբ՝ նման փուլային ներդրումն արդյունավետ կլինի, քանի որ այս տարիներին նախաձեռնվել են առողջապահական համակարգի կարևորագույն բարեփոխումներ, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների բարելավմանը:

Աղբյուր`https://www.gov.am/am/news/item/15449/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments