Միջադեպ ԱԺ-ում. Մհեր Սահակյանը ձերբակալված է, Վլադիմիր Վարդանյանը տուժող է ճանաչվել
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, այսօր միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել է, որ Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքում տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ՝ տեղի ունեցած միջադեպի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 297 3-րդ մասի և 195-ի 2-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով և ֆիզիկական ներգործությունը՝ կապված անձի, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ Վարույթի շրջանակներում Մհեր Սահակյանը ձերբակալված է, իսկ Վլադիմիր Վարդանյանը տուժողի կարգավիճակ ունի։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com